Դարանակ գյուղի տներում ամեն անձրևից հետո ծորակից ցեխաջուր է գալիս

Դարանակ գյուղի տներում  ամեն անձրևից հետո ծորակից ցեխաջուր է գալիս

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի տներում ամեն անձրևից հետո ծորակից ցեխաջուր է գալիս: Այս մասին ահազանգում են գյուղի բնակիչները: Խմելու ջրի խնդիրը նրանք ներկայացրեցին ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ: Դարանակ գյուղը խմելու ջուր ստանում է Դարանակ գետի վերին հոսանքից: Խմելու ջրատարը մինչև խողովակաշարի մուտքը բաց է և աղտոտվում է ջրաբերուկներով, ըստ բնակիչների՝ երբեմն նույնիսկ կենդանական ծագման մնացորդներով: Ջուրը չի ենթարկվում վնասազերծման: Ժամանակ առ ժամանակ իրականացվում են ջրատարի մաքրման աշխատանքներ, որոնք, սակայն, բավարար չեն ջրի անհրաժեշտ մաքրությունն ու որակն ապահովելու համար:

«Մենք մաքուր, խմելու պիտանի ջուր չունենք, ինչ ասես ջրի մեջ լինում է՝ տերև, ճյուղ, կեղտ: Ստիպված դրսից ենք խմելու ջուր բերում: Ով հնարավորություն չունի այլ տեղից ջուր բերելու, ստիպված դա է օգտագործում»,- ասացին դարանակցիները:

Խնդրի կապակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասարի, որի կազմում է Դարանակ գյուղը, համայնքապետարանից ԷկոԼուրին հայտնեցին, որ Դարանակի խմելու ջրի խնդիրը լուծելու նպատակով պատրաստվում է վերանորոգել Դարանակ գյուղի խմելու ջրի ջրագծի 2425 մ երկարությամբ արտաքին ցանցը, որի նախահաշվային արժեքը կազմել է 21960.03 հազար դրամ: «Ծրագիրն արժանացել է նախնական հավանության, այժմ տարվում են աշխատանքներ ծրագիրը տրամաբանական ավարտին հասցնելու համար»,- մասնավորապես նշված է ԷկոԼուրին ուղղված համայնքապետարանի պատասխանում։

Լուսանկարը՝ Դարանակի բնակիչ Արշալույս Գրիգորյանի

16:09 Հուլիս 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news