Տեղի բնակիչները կառավարությունից պահանջում են չեղյալ ճանաչել Արծվանիկի պոչամբարի համար ընդունված որոշումը

Տեղի բնակիչները կառավարությունից  պահանջում են  չեղյալ ճանաչել  Արծվանիկի պոչամբարի համար ընդունված որոշումը

ԷկոԼուր

Մայիսի 17-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի բնակիչները Արծվանիկ բնակավայրի տարածքում փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը:

Բնակիչները պահանջում են դադարեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի շահագործումը:

«Պոչամբարն արդեն մոտենում է մեր գերեզմաններին: Մենք տեսնում ենք, թե ինչ արագությամբ է լցվում պոչամբարը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Արծվանիկի բնակիչները:

Նրանք պահանջում են չեղյալ ճանաչել 2015թ-ի մայիսի 21-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 791-Ն որոշումը:

Հիշեցնենք, որ այս որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց Սյունիքի մարզի Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք համայնքների վարչական սահմանների 491.8093 հա հողերի նկատմամբ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար: Ամենից շատ հողատարածք օտարվել է Արծվանիկ գյուղից` 274.8378 հեկտար ի օգուտ մասնավոր ընկերության` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի:

Բնակիչները պահանջում են նաև. «Ներդնել էկոլոգիական վնասների փոխհատուցման և ռիսկերի ապահովագրության նոր համակարգ ազդակիր համայնքների համար»:

Ժամը 15:00-ին բնակիչները բացել են ճանապարհը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից և ՀՀ կառավարությունում հանդիպման պայմանավորվածության ձեռքբերումից հետո:

16:32 Մայիս 17, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news