Ախթալա ԼՀԿ-ն կրկին ցանկանում է բարձրացնել Նահատակ պոչամբարի պատվարը․ Մեծ Այրումի բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը

Ախթալա ԼՀԿ-ն կրկին ցանկանում է բարձրացնել Նահատակ պոչամբարի պատվարը․ Մեծ Այրումի բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն կրկին փորձ է անում բարձրացնել Մեծ Այրում գյուղում գտնվող և իր կողմից շահագործվող Նահատակի պոչամբարի պատվարը։ Տեղի բնակիչները դեմ են: Նրանք փակել են պոչամբար տանող ճանապարհը: Այս մասին ս․թ․ մայիսի 13-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։ 

«Այս պահին Մեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը՝ թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժին։

Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այնինչ նախագծով պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ, և գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանը և հետագա շահագործմանը։ Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։

Այս պահին Ախթալա ԼՀԿ-ի ներկայացուցիչները և Ախթալայի ՏԻՄ-ը համոզում են գյուղացիներին, որպեսզի իրենք թույլատրեն պոչամբարի պատվարի բարձրացումը՝ նշելով, որ այլընտրանք չկա։

Նախորդ հանդիպումների ժամանակ ընկերությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պոչամբարի պատվարի բարձրացման դիմաց խոստանում էին վերանորոգել գյուղի ակումբը, վերանորոգման աշխատանքներ իրականացնել մանկապարտեզում, ինչը գյուղացիների մեծամասնությունը մերժել էր, փոխարենն անօրինական շահագործման համար պահանջելով բնապահպանական փոխհատուցում կամ ռեկուլտիվացիայի անհապաղ իրականացում։ Այդ ընթացքում ընկերությունը և ՏԻՄ-ը սկսեցին ակումբի շենքի վերանորոգման նախապատրաստման գործընթացը, ինչը ստրատեգիական քայլ է։ Գյուղացիները նշում են, որ հիմա իրենց դիմակայությունն արդեն կարող է հանգիստ դիտարկվել, որ իրենք դեմ են գյուղի զարգացման գործընթացներին, ակումբի վերանորոգման, որն արդեն սպեկուլյատիվ քննարկումների առարկա կարող է դառնալ։

Իրենք դեմ չեն, կողմ են գյուղում վերանորոգման աշխատանքներին, սակայն դա չպետք է լինի իրենց առողջության դիմաց և հետո դա պետք է արվեր նախորդ տասնամյակների ընթացքում, ոչ հիմա, երբ արդեն վիճակը կրիտիկական է։

Այս պահին, երբ ՀՀ վարչապետը ձևավորել է մասնագիտական աշխատանքային խումբ Թեղուտի պոչամբարի պատվարի ուսումնասիրման համար, անհայտ է «Նահատակ»-ի պոչամբարի վտանգավորության աստիճանը և ապագան։

Մի քանի օր առաջ «Առնիկա» չեխական բնապահպանական հասարակական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Ալավերդի, Հայաստան) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը (Երևան, Հայաստան) դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի Հատուկ զեկուցող Դեյվիդ Ռ․ Բոյդին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համար էկոլոգիապես կայուն կառավարման հետևանքների և վտանգավոր նյութերի ու թափոնների վերացման հարցերով Հատուկ զեկուցող Բասկուտ Տունչակին՝ Հայաստանի հյուսիսում առկա իրավիճակի մասին նամակով՝ ներկայացնելով «Նահատակ» պոչամբարի հետ կապված առկա իրավիճակը և առողջապահական և բնապահպանական խնդիրները Մեծ Այրում գյուղում»,- գրել է Օլեգ Դուլգարյանը։

ԷկոԼուրը փորձեց կապ հաստատել Ախթալա խոշարացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ իրավիճակի վերաբերյալ կխոսի փոքր-ինչ անց։

Հիշեցնենք, որ Նահատակ պոչամբարի պատնեշը բարձրացնելու փորձ է արվել սրանից ուղիղ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 13-ին։ Սակայն Մեծ Այրում գյուղի բնակիչների պահանջով այդ աշխատանքը դադարեցվել էր։ 

Այնուհետ ապրիլի 19-ին կոմբինատի ղեկավարությունը և ՏԻՄ ներկայացուցիչները հանդիպել են Մեծ Այրումի բնակիչներին՝ պոչամբարի պատվարի վերաբերյալ խնդիրը քննարկելու և գյուղացիների հետ համաձայնության գալու նպատակով։ Այդ հանդիպմանը բնակիչները պահանջել են պոչամբարը շահագործող ընկերության կողմից գյուղի յուրաքանչյուր բնակչի հաշվով 30-50 հազար դրամի չափով փոխհատուցում տրամադրել։ 

Հիշեցնենք, որ «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության»-ը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված 14.11.2017թ. ԲՓ 100 փորձաքննական եզրակացության համաձայն՝ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի 1-ին փուլը պետք է սկսվեր 2018թ-ի հոկտեմբերից։ Սակայն «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Այդ հաշվետվության մեջ Ախթալայի ԼՀԿ-ն դիտարկել էր պոչամբարի պատնեշի բարձրացման տարբերակով իր գործունեության շարունակումը, սակայն հրաժարվել էր այն իրագործել, քանի որ. «Նահատակի պոչամբարի տարողունակությունը ներկայումս սպառված է: Այս տարբերակի իրականացման համար կպահանջվի Ճոճկան-Այրում ավտոճանապարհի տեղափոխում և գոյություն ունեցող ջրամբարի պատվարի ներքևի շեպի և պատնեշի միջև կուտակվող ջրերի հեռացում, ինչպես նաև պատնեշի կայունության գնահատում»։

Համաշխարհային բանկի աջակցությամբ հրապարակված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» ուսումնասիրության համաձայն՝ Նահատակի պոչամբարի նախագիծը համարժեք չէ թե՛ բնապահպանական, թե՛ ֆիզիկական կայունության առումով: ԱԹԴ (ապարաթթվային դրենաժ) արտադրող նյութերի առկայության պատճառով պոչամբարը միջինից երկարաժամկետ հատվածում կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա:

Լուսանկարները՝ Օլեգ Դուլգարյանի

 

13:58 Մայիս 13, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news