Վիգեն Ավետիսյանի ոչ պրոֆեսիոնալ կառավարման և անարդար գործողությունների պատճառով խաթարվել է տեսչական մարմնի և աշխատակիցների բնականոն գործունեությունը․ բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Վիգեն Ավետիսյանի ոչ պրոֆեսիոնալ կառավարման և անարդար գործողությունների պատճառով խաթարվել է տեսչական մարմնի և աշխատակիցների բնականոն գործունեությունը․ բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

iravaban.net

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտնում են, որ արդեն հինգ ամիս է, ինչ կառույցի ղեկավար Վիգեն Ավետիսյանի «ոչ պրոֆեսիոնալ կառավարման (կադրային ոչ կոռեկտ քաղաքականության) և անարդար գործողությունների պատճառով խաթարվել է տեսչական մարմնի և աշխատակիցների բնականոն գործունեությունը, կոլեկտիվում ստեղծվել է անառողջ մթնոլորտ, որի հետևանքով վերացել է աշխատանքային հարաբերություններում աշխատակիցների փոխվստահությունը և փոխադարձ հարգանքը, սրտացավությունը և նվիրվածությունն աշխատանքի նկատմամբ»:

Հայտարարությունը ամբողջությամբ՝ ստորև․

«Տեսչական մարմին մուտքագրված փաստաթղթերի, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմից ստացված հանձնարարականների կատարման, պետական մարմինների գրությունների և միջնորդությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումների եւ գրությունների պատասխան գրությունները կատարողը շրջանառում է mulberry համակարգում և ստանալով բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնությունները՝ դրական վիզաները (ինչպես նաեւ Վիգեն Ավետիսյանի կողմից բանավոր մատնանշված անձանց համաձայնությունը), ուղարկում է Ավետիսյանին՝ հաստատման: Իսկ Ավետիսյանն առանց մեկնաբանության պատճառաբանության վերադարձնում է փաստաթուղթը կատարողին փոխմբագրման, որոշ դեպքերում նշում է՝ «քննարկել ինձ մոտ», սակայն անհրաժեշտ պայմաններ չի ստեղծում, որպեսզի կատարող ստորաբաժանման ղեկավարը կամ աշխատակիցը կարողանա պարզել վերախմբագրման ուղարկելու պատճառը կամ քննարկման կազմակերպման օրը:

Օրեր շարունակ աշխատակիցները փորձում են ճշտել օգնականների միջոցով վերախմբագրման ուղարկելու պատճառները, ինչի հետևանքով լրանում է հանձնարարականի կատարման ժամկետը, որի համար Ավետիսյանն անմիջապես նշանակում է ծառայողական քննություններ՝ անհիմն պահանջելով կիրառել կարգապահական տույժեր կամ սպառնում է հեռացնել աշխատանքից: Նշանակված ծառայողական քննությունների արդյունքում որեւէ որոշում չի կայացվել՝ խախտելով օրենսդրության պահանջները:

Նրա աշխատելաոճը հասնում է այն աստիճան ցինիզմի, որ լինում են դեպքեր, երբ պատրաստված պատասխան գրություններն ուղարկելով վերախմբագրման, մի քանի օր անց նույն գրությունները, առանց տառի և կետի փոփոխության, կրկին ուղարկվում են նրա հաստատմանը և ստորագրվում են նրա կողմից: Սա վկայում է այն մասին, որ Վիգեն Ավետիսյանը միտումնավոր քաշքշուկ և լարվածություն է ստեղծում աշխատակիցների համար, որպեսզի վերջիններս հիասթափվեն եւ հրաժարվեն իրենց աշխատանքից:

Վիգեն Ավետիսյանի՝ աշխատակիցների հանդեպ անհարգալից պահվածքը դրսևորվում է նաև նրանով, որ տարածքային ստորաբաժանման ղեկավարները հարցերի պարզաբանման և լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ չեն կարողանում հեռախոսային կապ հաստատել (չի պատասխանում) նրա հետ, որի արդյունքում ստիպված հարյուրավոր կիլոմետրեր անցնելով հասնում են Երեւան՝ Վիգեն Ավետիսյանի ընդունարանում սպասելով ժամեր շարունակ, սակայն այդպես էլ ընդունելության չեն արժանանում:

Ավետիսյանը չի կարողանում արդյունավետ կազմակերպել տեսչական մարմնի աշխատանքները, աշխատանքային շփում ունի հատուկենտ աշխատակիցների հետ, որոնց ինքն է ընդունել աշխատանքի՝ իր ծանոթների և բարեկամների միջնորդությամբ:

Տարածքային մարմինների հետ անցկացվող խորհրդակցություններին մասնակից չի դարձնում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին և կառուցվածքային ստորաբաժանումներին, մասնակցում են միայն իր ընտրյալները: Վ. Ավետիսյանը, ծանոթ-բարեկամների միջնորդությամբ, աշխատանքի է ընդունել որոշակի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները համակարգող խորհրդականների, սակայն վերջիններիս համար չի սահմանել նրանց համակարգման շրջանակները: Ներկա պահին Ավետիսյանն ունի մեկ օգնականի եւ մեկ գործավարի թափուր հաստիք եւ մեկ նշանակված օգնական, սակայն իր ծանոթին ընդունել է աշխատանքի որպես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնական, որը նստում է Ավետիսյանի ընդունարանում եւ կատարում է քարտուղարուհու աշխատանք:

Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի և պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել: Նրանք, ովքեր նախկինում ճանաչել են, չցանկանալով շարունակել համատեղ աշխատանքը, իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, իսկ նրանց, ովքեր չեն ենթարկվել Վ. Ավետիսյանի անօրինական պահանջին, սպառնացել է և շարունակում է սպառնալ, որ հեռացնելու է:

Այս ամենից բացի Վ. Ավետիսյանը խախտում է նաև իր իսկ կողմից 2019 թվականի հունիսի 7-ի թիվ 155-Լ հրամանով հաստատված պարգևատրման կարգը:

Մասնավորապես, կարգի 5-րդ կետի համաձայն՝ ստորաբաժանման ղեկավարները սահմանված ժամկետում ներկայացնում են պարգեւատրման ենթակա աշխատակիցների ցանկերը, որոնք փոփոխության են ենթարկվում Ավետիսյանի կողմից՝ առանց որեւէ հիմնավորման: Վ. Ավետիսյանը գերազանցելով իր լիազորությունները ցուցաբերում է անձնական եւ խտրական մոտեցումներ, որի արյունքում պարգեւատրման չափերը փոփոխության են ենթարկվում (նվազեցնում կամ զրկում է պարգեւատրումից եւ նոր միայն պարգեւատրման ցանկը հրամանագրում է): Սակայն իր ՙընտրյալներին՚ (խորհրդական, գործավար, վարորդ…) առանց որեւէ հիմնավորման՝ վերը նշված կարգի խախտմամբ, ամիսներ շարունակ պարգեւատրում է 100 տոկոսի չափով եւ ավելին:

Վ. Ավետիսյանը նշանակման օրվանից ծառայողական մեքենաները հավաքագրելով տեսչական մարմնի վարչական շենքի հարևանությամբ ձևացրեց, թե ցանկանում է կատարել կառավարության մշակած ծրագիրը՝ կրճատել վառելիքի և ավտոմեքենաների վերանորոգման ծախսերը, սակայն դա ցուցադրական քայլ էր, քանի որ ավտոմեքենաները օգտագործվում են ընտրյալների կողմից անսահմանափակ վառելիքի քանակով: Բացի այդ, Ավետիսյանը շռայլորեն օգտագործելով իր լիազորությունը և արտոնյալ պայմաններ սահմանելով իր վարորդին, տրամադրել է երկու արտաճանապարհային ավտոմեքենաներ, որոնք օգտագործվում են իր անձնական շահերի համար՝ անսահմանափակ վառելիքի քանակով:

Ավետիսյանի ոչ իրավաչափ և անարդար գործողությունները վերը շարադրվածով չեն սահմանափակվում, նրա կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում տնտեսվարող սուբյեկտների մոտ վերահսկողական գործողությունների իրականացման առումով. ստորաբաժանումների կողմից ստուգում իրականացնելու համար ներկայացված ոչ բոլոր զեկուցագրերին է ընթացք տրվում, չեն ստուգվում այն սուբյեկտները, որոնց հետ նախկին գործունեության ընթացքում «կապ» է ունեցել: Բացի այդ, ստուգում իրականացնելու հանձնարարգրեր չեն տրվել վարչապետի մի շարք հանձնարարականներով և նախաքննության մարմինների բազմաթիվ որոշումներով եւ այլ պետական մարմինների միջնորդություններով, փոխարենը՝ ստուգումներ են իրականացվել շինծու դիմումների հիման վրա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանդիսանալով կառավարության ենթակա պետական կառավարման համակարգի մարմին, Ավետիսյանի կողմից տարվող սխալ եւ անսկզբունքային քաղաքականության հետեւանքով դարձել է շրջակա միջավայրի նախարարության կամակատարը:

Ավետիսյանը չունի անհրաժեշտ կառավարչական հմտություններ և աշխատանքային ունակություններ և ի վիճակի չէ ղեկավարելու տեսչական մարմինը, ինչպես նաև ի վիճակի չէ եւ անկարչող է լուծել տեսչական մարմնի եւ վերահսկողության ոլորտում պետության առջեւ դրված խնդիրհները: Նշված հանգամանքը մեծ անհանգստություն է առաջացրել տեսչական մարմնի աշխատակիցների մոտ, ինչպես նաև կարող է հուզել հանրությանը: Խնդրում ենք գնահատել և որոշել Վ. Աետիսյանի՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ղեկավարելու նպատակահարմարությունը: Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ, նյութեր եւ այլ փաստական հանգամանքներ»:

Հարգանքով`

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներ, - նշված է բաց նամակում։

 

17:29 Նոյեմբեր 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news