ԷկոԼուր
ՀՀ Գեղարքունիքի մարզում ամառվա շոգերին զուգահեռ սրվում է ոռոգման ջրի խնդիրը: Հուլիսի 4-ի առավոտյան մարզի Ներքին Գետաշեն, Աստղաձոր գյուղերի բնակիչները կարճ ժամանակով փակել էին Սևան-Մարտունի-Վարդենիս միջպետական ճանապարհը` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը:
Ներքին Գետաշենի բնակիչները բողոքում են, որ պոմպերի անսարքության պատճառով չեն ստանում ջուր: Գյուղապետ Կարո Գևորգյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ արդեն երկրորդ օրն է բնակիչներին ջուր մատակարարող պոմպերից երկուսը վառվել են: «Պոմպերից մեկը խորքային հորից է ջուրը վերցնում, մյուսը` Արգիչի գետից: Երեկ պոմպերը վառվել են, մինչև հիմա չեն սարքել», - ասաց Կարո Գևորգյանը:
«Մարտունի» ՋՕԸ-ի ներկայացուցիչ Ռուբեն Դավթյանը ԷկոԼուրի հետ զրույցում հավաստիացրեց, որ պոմպերը վերանորոգում են, և շուտով աշխատանքները կավարտվեն:
Պոմպերի անսարքության պատճառով անջուր է մնացել նաև Աստղաձորը: Գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանը ԷկոԼուրին պատմեց, որ խնդիրն առաջացել է տարիներ առաջ, երբ Աստղաձոր գետի ջուրը խողովակներով տարել են հարևան Զոլաքար գյուղ: Այդ ժամանակ Աստղաձորը զրկվել է գետի ջրից: Ոռոգման ջուր Սևանա լճից պոմպերով են ստացել: Ժամանակին 3 պոմպ են ունեցել, իսկ այսօր, ինչպես նշում է Վարդան Գրիգորյանը, պոմպերը հաճախակի վթարվում են, և ոռոգման թեժ շրջանում բնակիչները մնում են առանց ջուր:
«Մեր պահանջն է, որ մեր Աստղաձոր գետից Զոլաքար մղվող ջուրը տան մեզ, իսկ հին պոմպերը փոխեն նոր պոմպերով: Տարիներով բարձրացրել ենք այս հարցը, ոչ մի լուծում», - ասաց Աստղաձորի բնակիչը:
Մինչդեռ «Մարտունի» ՋՕԸ-ի ներկայացուցիչ Ռուբեն Դավթյանը հավաստիացնում է, որ Աստղաձորին մատակարարող պոմպերը վերանորոգված են, ջրի քանակության խնդիր չկա:
Հուլիս 04, 2018 at 17:40