Սևանա լճի հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ նոր օրենքը չի ծառայի նպատակին

Սևանա լճի հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ նոր օրենքը չի ծառայի նպատակին

ԷկոԼուր

Սևանա լճի հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ նոր օրենքը չի լուծում հիմնական խնդիրը, որ Սևանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում հավելյալ ջրառ չիրականացվի: 

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Այս օրինագծի սկզբնական տարբերակով արգելվելու էր հավելյալ ջրառը լճի բացասական հաշվեկշռի պայմաններում: Սակայն կառավարությունը բացասական կարծիք տվեց օրինագծի այդ տարբերակին, և օրինագիծը փոփոխվեց:

Փոփոխված տարբերակով այս արգելքը հանվեց այն դեպքերի համար, երբ կառավարությունը որոշում կընդունի տարվա սակավաջրության կամ երաշտի մասին և դրա հիման վրա ԱԺ հաստատմանը կներկայացնի նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ համապատասխան օրինագիծ:

Այսպիսով, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի (Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները) բ կետը՝ Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը եւ լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը, կշարունակի խախտվել:

Օրինագծի հեղինակ ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց. «Վերջին 10 տարիների ընթացքում, եթե հաշվենք, թե Սևան ինչքան ջուր պետք է լցվեր և ինչքան բաց թողնվեր, այն նպատակը, որը դրված է եղել 2030թ-ի համար, մենք 1,5 միլիարդով արդեն թերակատարում ենք: Եվ եթե մենք հիմա ուղղակի ամեն տարի 20-30 սմ չկարողանանք Սևանի մակարդակը բարձրացնել, մենք Սևանա լճի որակի հետ կապված, գիտեք, մեծագույն խնդիրն ունենք, այս խնդիրը կշարունակի խորանալ, որը որևէ կերպ տնտեսապես չափելով, տնտեսական գնահատականներ տալով մեր երկրի կարողությունը հնարավոր է՝ չհերիքի լճի այս խնդիրը հաղթահարելու համար: Տնտեսական մյուս կարևոր խումբը. մենք ծախսում ենք մոտավորապես 100 միլիոն եվրո գումար, որպեսզի կարողանանք ջրամբար ստեղծել, որտեղ հնարավոր է 30-40 միլիոն խմ ջուր ամբարել: Սա Սևանի ընդամենը 1-ից 2 սմ-ի մասին է խոսքը: Եվ մենք ունենք բնական այդ հսկա տարածքը, որը ջրի անսպառ պաշար է մեզ համար: Այս օրենքի նպատակն է, որ կառավարության մեր համապատասխան մարմինները Սևանը չընկալեն որպես ջրամբար, այլ Սևանն ընկալեն որպես լիճ, մեկ ամբողջական օրգանիզմ, որն ունի զարգացման իր կանոնները, և մենք տնտեսական գործունեության մեջ իրավունք չունենք այդ կանոնները խախտել»:

Նշենք, որ 2008թ-ից սկսած Սևանա լճից 5 անգամ հավելյալ ջրառներն իրականացվել են երաշտ և սակավաջրություն հիմնավորմամբ:

Սևանից հավելյալ ջրառի տարիներն են՝

 2008թ. - 360,0 միլիոն խմ
 2012թ. – 320,0 միլիոն խմ
 2014թ. – 240,0 միլիոն խմ
 2017թ. – 270,0 միլիոն խմ
 2018թ. 210,0 միլիոն խմ

Միայն 2008թ-ի հավելյալ ջրառի արդյունքում լիճը բացասական հաշվեկշիռ չի ունեցել:
Խնդիր է, թե որքանով է Սևանա լճի ջուրը հասնում գյուղացուն, երբ Սևան-Հրազդան համակարգում ջրակորուստները, տարբեր գնահատակնների համաձայն, հասնում են շուրջ 70 տոկոսի: Մեկ այլ կարևոր հարց է այն, թե ինչու էկոլոգիապես ծանր վիճակում գտնվող լճից պետք է հավելյալ ջուր հասցվի Արարատյան դաշտ ոռոգման համար,երբ երաշտի ժամանակ լիճն էլ օգնության կարիք ունի, և երբ Արարատյան դաշտում առկա է արտեզյան ջրի պաշար, որն ուղղվում է ձկնաբուծարաններ: Այդ պաշարների գերշահագործման հետևանքով է Արարատյան դաշտն անապատանում է, հողագործի սոցիալական վիճակը՝ վատանում:

12:18 Դեկտեմբեր 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news