ԷկոԼուր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլի և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին հետ քննարկել է Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:
Վարչապետի պաշտոնական կայքի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա և կարևորել է Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես, ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:
Շուրջ երեք ամիս Ամուլսարի հանքավայրի ծրագրի շինարարական աշխատանքները դադարեցված են: Ծրագրի դեմ պայքարող քաղաքացիները, տեղի բնակիչները փակ են պահում շինարարության տարածք տանող բոլոր ճանապարհները և պահանջում են նոր կառավարությունից թույլ չտալ ծրագրի իրականացումը:
Ամուլսարի հանքավայրի տարածքում ստուգումներ անցկացրեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և առաջարկեց ՀՀ բնապահպանության նախարարությանը ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը: Բացի այդ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել փաստաթղթեր՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ, և հարուցվել է քրեական գործ:
Սեպտեմբեր 17, 2018 at 16:19