Բնապահպաններ` «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցած ճանապարհն օգնել է անտառահատումներ իրականացնել Իջեւանի արգելավայրում

Բնապահպաններ` «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցած ճանապարհն օգնել է  անտառահատումներ իրականացնել Իջեւանի արգելավայրում

ԷկոԼուր

«Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի համար կառուցված ճանապարհն օգնել է ապօրինի անտառահատներին հեշտությամբ մտնել Պաղջուր գետի հովիտ եւ անտառահատումներ իրականացնել Իջեւանի արգելավայրում: Այս մասին  նոյեմբերի 18-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեցին Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը եւ բնապահպան Գոռ Հովհաննիսյանը:

«Այդ հովիտն ինձ անձամբ ծանոթ է դեռեւս 1990 թ-ից, երբ որ ես ոտքով եմ անցել ամբողջ հովիտը: Այսինքն, այն ժամանակ անտառն այնքան խիտ էր, որ մարդ ոտքով հազիվ կարող էր անցնել: «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ը կառուցելու ժամանակ անտառ ոչնչացվեց, որն առայսօր մնաց անպատիժ, այդ ճանապարհը սարքվեց ՓՀԷԿ-ի կառուցման պատճառով եւ դարձավ հեշտ ճանապարհ մոտենալու անտառի դժվար հասանելի տարածքներին եւ փաստորեն սկսեց ծառերի մասսայական հատումը»,- իր խոսքում մասնավորապես ասաց Լեւոն Գալստյանը:

Նոյեմբերի 13-ին Լեւոն Գալստյանը եւ բնապահպան Գոռ Հովհաննիսյանը, Պաղջուր գետի հովտում բազմաթիվ հատված ծառեր եւ առանց պետհամարիշների մեքենաներ են տեսել:

«Գազի գնի թանկացման հետ ժողովուրդը կարծես թե ելք չունի, պիտի արդեն հայացքն ուղղի դեպի անտառները: Միշտ ասում են, բա մենք ինչ անենք, մեր երեխեք ինչով տաքանան: …Անտառահատումներ միշտ էլ Հայաստանում եղել են: Բայց եթե վաղը չէ մյուս օրը ցախն էլ թանկացավ, ու թանկանալու է, որովհետեւ շուտով անտառները վերջանալու են, ի՞նչ է լինելու: 15-20 տարի հետո անտառները վերջանալու են, եթե այս տեմպով հատումներ գնաց … Երբ որ մենք անտառում էինք, բազմաթիվ շուռ եկած ծառեր կային,  դրանց ձեռք չէին տվել,  ճանապարհի ուղղակի երկայնքով արդեն կտրած գերանի կտորներ կային, որոնք, պարզ երեւում է, որ վաղուց կտրածներ էին: Իրենք դա չէին վերցրել, իրենք գնում են նոր հաստ, շատ լավ որակի ծառ փրթում են, նորից կեսը վերցնում են, մյուս կեսը նորից մնում է: Ասում են, մենք ապօրինի ծառեր չենք հատում, այդ դեպքո՞ւմ որն է նպատակը հատած ծառերի վրա սեւ  ներկով փչելը, որպեսզի այդ հատվածը հեռվից չերեւա՞,  կամ այդ ամեն ինչը հողով ծածկելը»,- իր խոսքում մասնավորապես ասաց բնապահպան Գոռ Հովհաննիսյանը:

«Մեզ իրականում չի հետաքրքրում, թե այս ծառերն օրինական, թե անօրինական են հատված, որովհետեւ եթե նույնիսկ դրանք օրինական են հատված, դա մեկ է, հանցագործություն է: Մենք համոզված ենք, որ օրինական չէ դրանց 90 տոկոսը, մենք այնտեղ մոտավորապես մի 200 ծառ տեսանք հատված: …Անտառային օրենսգրքում հստակ գրված է, որ մենք ունենք պաշտպանական նշանակության անտառներ, որոնք որտեղ են գտնվում եւ որոնք իրավունք չունես դու հատելու: Դա 30 աստիճանից ավելի բարձր թեքության վրա գտնվող   անտառներն են, այդ դեպքում դու իրավունք չունես այդ ծառերը հատելու: Այդ լանջերը որ դուք  տեսաք, 40-45 աստիճան թեքության լանջեր են, եւ նույնիսկ անտառտնտեսության քարտեզում, որն իրենց անտառային պլանի մեջ է, այդ տարածքները հատուկ նշանակության, պահպանվող անտառների մեջ են մտցված: Բացի դրանից, գրված է, որ անտառների վերին եւ ստորին սահմանների 200 մետր լայնության տարածքը նույնպես համարվում է պաշտպանական նշանակության անտառ, այսինքն, դու իրավունք չունես այդտեղ հատելու: Իսկ  ի՞նչ է կատարվում, անտառի եզրից 50 մետր բարձրանում ենք վերեւ, ու այդ լանջի թեքության վրա բոլոր ծառերը հատված են: Այսինքն` հստակ խախտված է օրենսգիրքը:  Այն դեպքում, երբ ինչ-որ մեկը որոշել է այդ տարածքում տալ անտառհատման հանդամաս, որն իրականում հանդամաս չի, ուրեմն ինքը օրենքի խախտում է թույլատրել»,- ասաց Լեւոն Գալստյանը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւան անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը ժխտեց 200 հատված ծառի մասին բնապահպանների հայտարարությունը: «Պարոն Գալստյան, դուք ասում եք 200 հատ ծառ: «Հայանտառ»-ից էլ մասնագիտական հանձնաժողով է եկել, մոնիտորինգից էլ է եկել, այդ Ձեր նկարած տեղերն ուսումնասիրել են, հատված է ապօրինի ընդամենը 12 ծառ:  Լանջերը որ նկարել եք, այդտեղ հատված ծառ չկա: Բոլորիդ հրավիրում եմ, եկեք գնանք, իրար հետ նայենք, եթե այդպիսի տպավորություն է ստեղծվել: Երկրորդ, ցավով եմ նկատում, որ դուք ավելի շատ աշխատում եք անտառի աշխատողի դեմ, քան ապօրինի հատումների… Իհարկե կան, ապօրինի հատում էլ ունենք, մեր տնտեսության պահակախումբը տարեկան մոտավորապես 200-250 ապօրին հատված ծառ է արձանագրում, ով է ասում` չկա:

Բայց եկեք բոլորս իրար հետ աշխատենք, ոչ թե իրար դեմ»- ասաց Արթուր Գաբրիելյանը:

Բնապահպանները պնդեցին, որ կարող են 200 եւ ավելի հատված ծառ ցույց տալ վերոնշյալ տարածքում: Նրանք նաեւ շեշտեցին, որ ոչ թե անտառապահի դեմ են այլ համակարգի:

« Այստեղ համակարգային լուրջ խնդիր է, որովհետեւ որոշված է, որ այսքան ծառ պետք է հատվի, պետք է վաճառվի եւ այլն: մենք էլ գտնում ենք, որ Հայաստանի անտառների 90 տոկոսը ընդհանրապես ձեռք տալ չի կարելի, որովհետեւ մենք որակն ու քանակն այնպես ենք փչացրել,  որ արդեն չգիտենք, թե ինչ վիճակում է այսօր:….

Գյուղատնտեսության նախարարությունը, որն այսօր կառավարում է անտառների մեծ մասը, որովհետեւ մեծ մասն ընկնում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինության տակ, պետք է հասկանա, որ անտառը միայն ծառ չէ: Անտառը էկոհամակարգ է եւ ինքը հսկայական դեր ու նշանակություն ունի բնության եւ մարդու գործունեության համար: Ցավոք դա այսօր նախարարությունում չեն հասկանում, կամ հասկանում են, բայց չունեն հնարավորություն իրենց հասկացածն իրագործելու: Անտառների մեծ մասը հատուկ պահպանվող տարածքներ են այսօր: Այս տարածքը, որտեղ եղել ենք, Իջեւանի արգելավայրն է: Բայց ում ասում ես գյուղատնտեսության նախարարությունում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, իրենք չեն ուզում այդ փաստն ընդունել, որ դա արգելավայրի տարածք է, ի վերջո: Իսկ արգելավայրի տարածքում արգելված է բոլոր տեսակի անտառհատումները»,- ասաց Լեւոն Գաալստյանը:

Իջևանի արգելավայրը կազմավորվել է 1971թ-ին, ունի 5908 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Աղստև գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի լանջերին՝ ծովի մակարդակից 900-2100 մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ անտառային լանդշաֆտների և կենդանիների (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն) պահպանության նպատակով։

Իջեւանի անտառտնտեսությունը, ըստ Արթուր Գաբրիելյանի, իր պահպանության տակ ունի մոտ 26 հազար հա անտառ, որից անտառկառավարման պլանով ամեն տարի մոտ  2000  խմ հատատեղ է հատկացնում, իսկ հատատեղիների 500 հա տարածք արդեն 5 տարի է` լանջերի վրա է: Իսկ ինչ վերաբերում է անտառտնկումներին, ապա դրանք 2014թ. ծրագրով նախատեսված չեն եղել: Փոխարենը  անտառապահներն են ծառատունկ կազմակերպում իրենց ուժերով «Մեր անտառապահները` բոլորս, միասին ամեն գարնան, ոնց որ մեզ մոտ տրադիցիա է, մոտ 500 հազար ծառ տնկում ենք մեր ուժերով»,- ասաց  Արթուր Գաբրիելյանը:

Իջեւանի անտառտնեսությունն ունի 28 անտառապահ, որոնցից յուրաքանչյուրը 70 հազար աշխատավարձի դիմաց ոտքով շաբաթը 5 օր 8 ժամով հսկում է 1000 հա անտառ:

Բանախոսներն արձանագրեցին, որ շատ դժվար է անտառապահի համար նման պայմաններում անտառը պաշտպանելը: Լեւոն Գալստյանը պատկան մարմիններին առաջարկություններ ներկայացրեց անտառի պահպանման վերաբերյալ:

«1… Բոլորը լավ գիտեն, նաեւ տեղացի անտառապահները` որտեղ են անտառ գնալու, գալու հիմնական ճանապարհները, ուղղակի պետք է այդ ճանապարհների վրա սահմանել հսկողություն ոստիկանության հետ միասին, կամավորների հետ միասին,մեր հետ միասին:  Եթե մի ամիս այդ ճանապարհների վրա հսկողություն սահմանվի, ոչ մեկ ռիսկ չի ունենա բեռնատարներով գնա օրինական կամ անօրինական կերպով այդ ծառերը հանի անտառից:

2.Պպետք է փոխել վերաբերմունքն անտառների նկատմամբ: Այսինքն, ծառ հատել, տեղափոխել, գումար վաստակել հարցեր լուծելու համար չի նախատեսված անտառը միայն: Անտառն ունի հողապաշտպան նշանակություն, ունի կլիմայի փոփոխության վրա ազդեցության նշանակություն, խմելու ջրի առաջացմանը նպաստող նշանակություն: Այս տարածքում, որտեղ թեք լանջեր  են եւ սողանքային գոտիներ են, անտառները հատելուց բնականաբար այդ լանջերը սողանքների տեսքով իջնելու են ներքեւ:

3. Պետք է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համակարգում ստեղծել հատուկ գործունեություն, այնպիսի արագ աճող տեսակների անտառատնկման տարածքներ ստեղծել, որոնք հետո հենց հիմնականում կաճեցվեն եւ կհատվեն ու կտրամադրվեն վառելու համար, ոչ թե բնական աճած անտառը, որն ունի լուրջ նշանակություն, դու վերցնես, հատես ու տաս մարդկանց վառելու կամ այլ նշանակության համար

4. Ըստ պաշտոնական տվյալների` 11.1 տոկոսն է անտառապատ, բայց մենք համոզված ենք եւ կան բազմաթիվ այլ հետազոտություններ, որոնք տվել են 8-9 տոկոս անտառապատ տարածքի արդյունքներ: Մենք համոզված ենք, որ այդ 11 տոկոսն իրականությանը չի համապատասխանում: Իսկ դա շատ քիչ է, գոնե պետք է հասցնել 20-25 տոկոսի: Դրա համար բոլոր անտառապատ տարածքները պետք է դարձնել հատուկ պահպանվող գոտիներ եւ իրականում պահպանել: Պատրաստ ենք օգնել, եթե տեսնենք, որ մարդիկ, իրոք, ցանկություն ունեն դա անել»:

Նշենք, որ, ըստ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանի, 1 հա անտառն ապահովում է 969 դոլլարի տարեկան օգուտ: Արևադարձային անտառների մեկ ծառի արժեքը՝ որպես փայտ, 500 դոլլար է, բայց ծառի էկոլոգիական եկամուտը իր կյանքի ընթացքում՝ ջրապահպան ֆունկցիան, թթվածին արտադրելու ֆունկցիան, եւ այն, որ ծառը միջատների, թռչունների բնակատեղի է հանդիսանում, գնահատվել է 200.000 դոլլար:

«ՀՀ 2014թ.պետական բյուջեի մասին» օրենքով անտառային տնտեսություններին հատկացվել է  1,026,395.8 հազար դրամ: Իսկ 2015թ-ին «ՀՀ 2015թ.պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է տրամադրել 1,255,803.4 հազար դրամ:

Լուսանկարները` Համահայկական բնապահպանական ճակատի



Նոյեմբեր 18, 2014 at 18:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր