Գերմանացի լրագրողներին ներկայացվեցին Հայաստանի բնապահպանական խնդիրները

Գերմանացի լրագրողներին ներկայացվեցին Հայաստանի բնապահպանական խնդիրները

ԷկոԼուր

Հայաստանում այսօր բազմաթիվ են բնապահպանական մարտահրավերները. բնական ռեսուրսների գերշահագործում, շրջակա միջավայրի աղտոտում, ապօրինի անտառահատումներ, Սևանա լճի ճահճացում, ջրային ռեսուրսների ու թափոնների վատ կառավարում: Հայաստանի բնապահպանական մարտահրավերները գերմանացի լրագրողներին ներկայացրեց ԷկոԼուրի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը` «ԷկոԼուր» մամուլի ակումբում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Գերմանացի լրագրողները Հայաստան են ժամանել Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության և գերմանական «Deutsche Gesellschaft» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից:

Թիվ 1 մարտահրավերը Հայաստանում հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցությունն է էկոլոգիական և սոցիալական վիճակի վրա: Նշվեց, որ հանքարդյունաբերական գործունեության արդյունքում աղտոտվում են Հայաստանի գետերը, հողերը, գյուղմթերքը, ոչնչանում են կանաչ գոտիները, տեղի բնակիչները կորցնում են գյուղատնտեսական նշանակության հողերը, բողոքում են առողջական խնդիրներից:

Ներկայացվեցին Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի և Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրերը:

Հիմնական հարցն այն է, թե ինչով է արտահայտվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի, որի բաժնետոմսերի 70 տոկոսից ավելին պատկանում է գերմանական «Cronimet Holding» ընկերությանը, գործունեության բացասական ազդեցությունը:
Պատասխան՝ շրջակա միջավայրի աղտոտում Արծվանիկի պոչատարի վթարների և պոչամբարից արտահոսքերի արդյունքում, հանքավայրից եկող ծանր մետաղներ պարունակող փոշով աղտոտում, պոչամբարի տարածքում և լցակույտերի տարածքում կանաչ գոտիների ոչնչացում, գյուղատնտեսական նշանակության հողերի կորուստ գյուղմթերքի ծավալների նվազում և շուկայում անմրցունակություն:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակով: Քննարկվեցին վերջին իրադարձությունները` կապված քաղհասարակության ընդվզման և Քննչական կոմիտեում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ, տեղի բնակիչների կողմից Ամուլսարի ծրագրի տարածք տանող ճանապարհների փակման պատճառները, պաշտոնական և անկախ փորձագետների եզրակացությունները Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ:

Մյուս մարտահրավերը կապված է Սևանա լճի էկոհամակարգին սպառնացող վտանգների հետ: Սևանա լճի ճահճացումը սպառնում է Հայաստանի ռազմավարական նշանակության ջրային օբյեկտի անդառնալի կորստով: Լճի ճահճացումը պայմանավորված է
բնակավայրերից և ժամանցի և սպասարկման օբյեկտներից լիճ կեղտաջրերի հոսքով, Սևանա լճում զարգացող ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի կուտակմամբ, լճում ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի կուտակմամբ, չարդարացված մեծ քանակությամբ լճից ջրառով:

Լրագրողներին ներկայացվեց նաև Հայաստանի անտառների հետ կապված խնդիրները՝ ապօրինի անտառահատումները, անտառվերականգնման աշխատանքների թույլ կառավարումը, անտառածածկ տարածքների նվազումը անտառային հողերի կատեգորիաների փոփոխման արդյունքում:

Գերմանացի լրագրողները ծրագրի շրջանակներում կպատրաստեն հոդվածներ:

 

16:01 Նոյեմբեր 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news