Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների նվազումը խնդիրներ է առաջացրել ատոմակայանի համար

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների նվազումը խնդիրներ է առաջացրել ատոմակայանի համար

ԷկոԼուր

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների նվազումը խնդիրներ է առաջացրել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի  համար: Ատոմակայանի ռեակտորի հովացումը կատարվում է Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ջրի միջոցով: Սակայն ջուրը աղբյուրներում պակասել է:

«Եթե Արարատյան դաշտում շարունակվի ներկա սցենարով ջրօգտագործումը, հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում կշարունակվի Սևջուր-Ակնալիճ աղբյուրների  խմբի ջրատվության նվազումը ընդհուպ մինչև ջրատվության դադարեցում, ինչը շատ մեծ վտանգ է սպառնալու ատոմակայանի համար: Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը 1983թ. հաստատված են եղել որպես 17.8 խմ/վրկ: Վերջին տարիներին կտրուկ նվազել են և այսօր կազմում են ընդամենը 3 խմ/վրկ ջուր»,- ասաց «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հիդրոերկրաբան Աշոտ Սարգսյանը մարտի 18-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ: Ըստ հիդրոերկրաբանի` ատոմակայանին ռեակտորի հովացման համար անհրաժեշտ է վայրկյանում 1 խմ ջուր: «Այսօր, մեր տեղեկությունների համաձայն, ատոմակայանին կարող է տրամադրվել ընդամենը 0.5  խմ/վրկ ջուր: Եթե այսպես շարունակվի, հետագայում ատոմակայանը հովացման տեսակետից կարող է լուրջ խնդիրներ ունենալ»,- ահազանգեց Աշոտ Սարգսյանը` նշելով, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման դեպքում ջրի պահանջը կրկնակի անգամ կավելանա: 

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտում ջրի խնդիրն առաջացել է ջրային ռեսուրսների վատ կառավարման, Արմավիրի եւ Արարատի մարզերում ձկնաբուծական տնտեսությունների արագ աճի շնորհիվ: Հիմա, երբ արդեն ջրի խնդիրը սրվել է եւ Արարատյան դաշտի 30-ից ավելի համայնքներ մնացել են առանց ջուր, կառավարությունը փորձում է քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար ընդհուպ մինչեւ այն, որ Ազգային Ժողովին է ներկայացնում օրինագիծ, որով Սեւանա լճից ջրառը 5 տարի ժամկետով ավելանալու է 170 միլիոն խմ առավելագույն ծավալից հասնելով մինչեւ 240 միլիոն խմ-ի:

Մարտ 21, 2014 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր