Հայաստանի 5 խոշոր մետաղական հանքավայրերում կիրականացվեն ուսումնասիրություններ

Հայաստանի 5 խոշոր մետաղական հանքավայրերում կիրականացվեն ուսումնասիրություններ

ԷկոԼուր
Թեղուտի, Սոտքի, Ամուլսարի, Քաջարանի և Մղարթի հանքավայրերում կիրականացվեն ուսումնասիրություններ: Այս մասին նոյեմբերի 25-ին հրավիրած նիստի ժամանակ հայտնել է ՀՀ Ազգային ժողովի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի համաձայն
՝ նիստում քննարկել են հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։
Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր։ Նշվել է, որ հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թթ-ին։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն շահույթով չի աշխատում։ Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարեւորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի եւ այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Առաջարկ է եղել ուսումնասիրել նաեւ կազմակերպությունների սեփականաշնորհման գործարքներն ու կնքված պայմանագրերը։
Քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, քննիչ հանձնաժողովը ԱԺ-ում ստեղծվել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների 33 պատգամավորների պահանջով: Հանձնաժողովի 11 անդամները 6-ամսյա ժամկետում պետք է ուսումնասիրեն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը:

Լուսանկարը վերցված է ՀՀ ԱԺ կայքից:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

13:02 Նոյեմբեր 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news