Արփի լիճը չի ցամաքել, նոյեմբերի 20-ից կվերսկսվի ջրի կուտակումը. Ջրային կոմիտե

Արփի լիճը չի ցամաքել, նոյեմբերի 20-ից կվերսկսվի ջրի կուտակումը. Ջրային կոմիտե

ԷկոԼուր

Ջրային կոմիտեն, արձագանքելով Արփի լճի շատ ցածր մակարդակի վերաբերյալ ահազանգերին, տեղեկացնում է, որ Արփի լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների ուսումնասիրության համար։

Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Արփի լիճ» ջրամբարը կառուցվել է Շիրակի, Արմավիրի, Թալինի տարածաշրջանների ոռոգելի տարածքների ջրապահանջարկն ապահովելու նպատակով, գտնվում է Շիրակի մարզում, շահագործվում է 1950 թվականից։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 105մլն խ․մ է, մեռյալ ծավալը՝ 5 մլն խ․մ։ Այն իր աշխատանքային ռեժիմով բազմատարյա կարգավորման ջրամբար է։

Ջրամբարի շուրջ 70 տարվա շահագործման ընթացքում առաջ են եկել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պայմանավորված են պատվարի առանձին տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխման խնդիրներով։ Մասնավորապես, պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանը հողմահարված, ջրատարված վիճակում է, շինարարական կարերը, մակերեսի առանձին խոռոչները, ամրանները բացված վիճակում են։ Էկրանի միջով, պատվարի հիմնատակով, ինչպես նաև պատվարի աջ և ձախ ափային լծորդումներից տեղի են ունենում ֆիլտրացիոն հոսքեր, որոնք բեռնաթափվում են ներքին բիեֆում։

Իռիգացիոն ջրթող կառույցը կահավորված է 4 հարթ փականներով, որոնց ծառայության նորմատիվ ժամկետը վաղուց լրացել է, դրանք ենթակա են փոխարինման՝ նորերով։
Հարթ փականների վերամբարձ սարքավորումները 1946թ․ արտադրության են, բարոյապես, ֆիզիկապես մաշված վիճակում են։ Մասնակի կատարված ուսումնասիրության հիման վրա Պատվարների անվտանգության Համաշխարհային Բանկի փորձագիտական խումբը, ինչպես նաև Գերմանական զարգացման բանկի (KfW) մասնագետները եզրակացության են հանգել, որ պատվարի հանգույցը պետք է ենթարկվի վերականգնման և վերազինման՝ դրանք նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու համար։

Ջրային կոմիտեի կողմից այդ աշխատանքերի նախագծումը կազմակերպելու համար մրցույթ էր հայտարարվել, որոշվել է կապալառու նախագծող կազմակերպությունը։
Նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու նպատակով «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալի /5մլն խ․մ / հորիզոնի։ Դա թույլ կտա նախագծողներին՝ պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանի խուլ պատի ջրընդունիչի բազալտե հենապատերի ստորջրյա հատվածն ուսումնասիրել, դրանց տեխնիկական վիճակը վերհանել և ըստ այդմ, նախագծային լուծումներ մշակել՝ պատվարի ամրացման, պատվարի հիմնատակով և ափերի շրջանցող ֆիլտրացիոն հոսքերի, ինչպես նաև էկրանի ջրամեկուսացման աշխատանքները նախագծելու նպատակով: Ավելացնենք, որ նշված հանգույցներում երբևէ հիմնանորոգում չի կատարվել, կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ։

Ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ, այդ հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը»։

Լուսանկարը՝ Կառլեն Բդոյանի ֆեյսբուքյան էջից

13:14 Նոյեմբեր 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news