Հայաստանն ունի իր առաջին «արևային» համայնքը՝ Լեռնամերձը

Հայաստանն ունի իր առաջին «արևային» համայնքը՝ Լեռնամերձը

ԷկոԼուր

Հայաստանն ունի իր առաջին «արևային» համայնքը՝ Արմավիրի մարզի Լեռնամերձը: Ամբողջ համայնքի կենցաղային ջրի կարիքներն ապահովում են արևային ջրատաքացուցիչները: Դրանք տեղադրված են 80 տների տանիքներին, որոնցից 25-ի վրա էլ տեղադրված են արևային ֆոտովոլտային համակարգեր: Համայնքի բնակիչներին բաժանվել են նաև լուսադիոդային (LED) լամպեր: Համայնքը «արևային» դարձնելու համար բյուջեից ծախսվել է 40 միլիոն դրամ, այսօրվա ասուլիսին լրագրողներին ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Այս համայնքն այժմ ամբողջովին արևային և էներգախնայող է: Ինչո՞ւ այդ աշխատանքները որոշվեց իրականացնել: Համայնքապետը պահանջում էր գազաֆիկացում: Հաշվարկները ցույց տվեցին, որ մեկ բնակչի համար ներդրումը կկազմի մոտ 1.5 միլիոն դրամ, որպեսզի գազը բերվի, հասցվի իր տուն, և ինքը տեղադրի սովորական, ամենափոքր կաթսան տաք ջուր ստանալու համար: Դա բավականին մեծ ներդրում էր: Երբ այլընտրանքը հաշվարկեցինք, մեկ բնակչի հաշվով 500.000 դրամից ավելի քիչ ներդրում պահանջվեց՝ երեք անգամ ավելի էժան: Սկզբում բնակիչները չէին հավատում ծրագրին, բայց տեղադրելուց հետո արձագանքը բավականին դրական էր», - պատմեց Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարն ասաց, որ առաջարկել են բնակիչներին ստեղծել շրջանառու ֆոնդ՝ խնայողությունների մի մասն այնտեղ ուղղելու և հետագայում իրենց ուժերով համայնքում նման ծրագրեր իրականացնելու համար:

 

 

18:49 Ապրիլ 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news