Նախկինում տրված ջրային թույլտվությունները կարող են վերանայվել

Նախկինում տրված ջրային թույլտվությունները կարող են վերանայվել

ԷկոԼուր

Արարատյան դաշտի անօրինական ջրահորերը շարունակում են մնալ բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին  դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ  բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Այս տարի բնապահպանության նախարարությունը  շարունակել է Արարատի  տարածաշրջանում ապօրինի ինքնաշատրվանող հորերի  խնդիրների լուծումը, որովհետև դրանց թվաքանակը տարեցտարի ավելանում է, հայտնաբերվում են նոր հորեր: Մենք իրականացրել ենք 8  հորի լուծարման աշխատանքներ, որոնց արդյունքում խնայել ենք 68 լիտր վայրկյան ջուր: Ունենք  նախատեսած ևս 22 հոր, որոնք ներկայացրել են համայնքի ղեկավարները իրենց ցանկությամբ, բայց քանի որ ունեինք գումարային խնդիր, այդ հորերի լուծարման աշխատանքները թողել ենք 2016 թվականին»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:

Նախարարն  ասաց,  որ նախկինում տրված ջրային թույլտվությունները կարող են վերանայվել, որպեսզի կատարվի ջրի խնայողություն, առանց իրավաբանական և ֆիզիկական անձանց տնտեսություններին վնաս և կորուստ հասցնելու:

«Ընդհանուր առմամբ տարբեր կազմակերպություններում իրականացրել ենք 10-55 լիտր ջրի խնայողություններ և տվել  ենք ամբողջությամբ նոր ջրի թույլտվություններ:  2015 թվականին իրականցրել ենք  618 միլիոն խմ ջրի խնայողություն և,  սա գումարելով  2014 թվականի խնայողություններին, ապահովել ենք 41680  լիտր վայրկյան ջրի խնայողություն: Ջրի ծավալներն արդեն կայունացել են և նվազման միտումներ չունեն, իսկ ջրի ճնշումն ավելացել է»,- նշեց նախարարը:

Արամայիս Գրիգորյանի խոսքերով՝ անհրաժեշտ է  փականային ռեժիմների բերել բոլոր արտեզյան հորերը՝ լիարժեք խնայողություններ ապահովելու համար:

«Մենք ստանձնել էինք նաև ավտոմատ փականային ռեժիմի պիլոտային ծրագրի իրականացում 3  համայնքներում՝ Արաքս, Մեծամոր, Ջրառատ, որտեղ ձկնաբուծական տնտեսությունների մեկական  հորերի վրա  տեղադրեցինք այդ ռեժիմը: Այսօր 24-ժամյա կտրվածքով օնլայն ռեժիմով մեզ հստակ տեսանելի են դրանք, որի շնորհիվ կարողանում ենք ստուգումներ իրականացնել, թե ինչ է կատարվում այդ հորի հետ կապված:  Սա ասում եմ, որովհետև այս առումով մեր նպատակների վերջնական փուլը կլինի այն, որ կարողանանք բոլոր ձկնաբուծական տնտեսությունների վրա այս ավտոմատ համակարգը կիրառել»,- ասաց նախարարը:

19:07 Դեկտեմբեր 23, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news