2020թ-ին Սևանա լճից ոռոգման համար ջրառի չափաքանակը սահմանվեց մինչև 170 միլիոն խմ, ոռոգման ջրի դեֆիցիտը 50 միլիոն խմ է

2020թ-ին Սևանա լճից ոռոգման  համար ջրառի չափաքանակը  սահմանվեց մինչև 170 միլիոն խմ, ոռոգման ջրի դեֆիցիտը 50 միլիոն խմ է

ԷկոԼուր

2020թ-ին Սևանա լճից ջրառի չափաքանակը սահմանվեց մինչև 170 միլիոն խմ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մայիսի 4-ի նիստում: Ներկայումս Սևանա լճում սկսվել է թունավոր ցիանոբակտերիաների ծաղկումը, որը տևում է մի քանի շաբաթ: Նման պայմաններում թե ինչ ազդեցություն կունենա Սևանա լճից վերցվող ոռոգման ջուրը մշակաբույսերի վրա, պարզ չէ: Օրերս ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան նշեց, որ Հայաստանում հետազոտություն չի արվել, հասկանալու ցիանոբակտերիաների տոքսիկության ազդեցությունը գյուղմթերքի վրա Սևանի ջրով ոռոգման դեպքում: Իրինա Ղափլանյանի բացատրությամբ նման հետազոտությունների համար համապատասխան լաբորատոր հնարավորություններ չկան:

Ընդհանուր առմամբ այս տարի Հայաստանում ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը՝ շուրջ 463 մլն խմ: Ըստ հաշվարկների՝ հնարավոր է ապահովել ոռոգելի հողատարածքներին 413 միլիոն խմ ջրով, որից 170 միլիոն խմ ջուր Սևանա լճից, 135,0 մլն խմ Հրազդան գետից, 41,0 մլն խմ Ազատի ջրամբարից, 12 մլն խմ Ապարանի ջրամբարից: Նախատեսվում է նաև Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 55 մլն խմ ջրարտադրություն: Ջրի դեֆիցիտը կկազմի շուրջ 50 միլիոն խմ: Ջրամատակարարում իրականացնող համապատասխան կազմակերպություններին հանձնարարվել է ուսումնասիրել այլընտրանքային ջրաղբյուրներից ջրամատակարարման հնարավորությունները ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով: Սակայն չի բացառվում, որ այդ դեֆիցիտը կարող է լրացվել Սևանա լճի ջրի հաշվին, քանի որ 2019թ-ի դեկտեմբերի 6-ին ընդունված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման ևօգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի համաձայն, եթե կառավարության որոշմամբ Հայաստանի ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարվի, կառավարությունը «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողով ներկայացնել հավելյալ ջրառի մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշմամբ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում ՀՀ կառավարությունը սահմանեց սակավաջրություն:

10:28 Հունիս 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news