«Սանիթեք»-ն առանց պատճառների չի կատարում պայմանագրային պարտավորությունները

«Սանիթեք»-ն առանց պատճառների չի կատարում պայմանագրային պարտավորությունները

ԷկոԼուր

«Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Այս մասին սեպտեմբերի 1-ին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: 

«Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։ Գործող օրենսդրությամբ և «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ «Սանիթեքի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա:

Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիթեքը», վստահաբար, բացառություն չէ:

Անցած ամիսների ընթացքում քաղաքն աղբահանության գործընթացի տապալումից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական միջոցները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկն իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը: Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևանի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից:

«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված գործունեությունից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իրավական հետևանքների կհանգեցնի», - նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

12:57 Սեպտեմբեր 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news