Վտանգված է Արարատյան դաշտի համայնքների գոյությունը և ատոմակայանի աշխատանքը

Վտանգված է Արարատյան դաշտի համայնքների գոյությունը և ատոմակայանի աշխատանքը

ԷկոԼուր 

Վերջին  տարիների ընթացքում Արարատյան դաշտում  էապես նվազել են ստորերկրյա ջրային պաշարները՝ ստեղծելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնքներում: Մարտի 18-ին ներկայացվեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները:

«Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարներն, իրոք, ռազմավարական նշանակություն ունեն։ Կառավարությունը  հատկապես վերջին տարիներին  փորձում է վարչական տարբեր մեխանիզմներով ինչ-ինչ լուծումներ տալ այդ պաշարների արդյունավետ օգտագործմանը: Չենք կարող ասել, որ այդ լուծումները դեռևս ցանկալի արդյունքներ են տվել: Ուստի, առաջիկա տարիներին այս ուղղությամբ մեզ սպասվում է  բավականին հետևողական և լարված աշխատանք, և այդ աշխատանքը պետք է լինի համակողմանի,- միջոցառման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ նշելով կատարվելիք աշխատանքների մի քանի ուղղություններ,- Առաջինը՝ օրենսդրական դաշտի կարգավորումն է, որպեսզի բոլոր շահառուները կարողանան այդ պաշարներին տիրապետել և տնօրինել օրենքով սահմանված կարգով:  Երկրորդը՝ գույքագրել բոլոր այն աղբյուրները, որոնք այսօր ուղղակի կամ անուղղակի, օրինական կամ ապօրինի օգտագործվում են: Բացի գույքագրումից այսօր իսկ իրական աշխատանք էկատարվում  բնապահպանության նախարարության, համապատասխան մարզպետարանների և համայնքների կողմից չօգտագործվող, տիրազուրկ ևհետագայում նպատակ չունեցող աղբյուրները չեզոքացնելու, կոնսերվացվելու կամ փակելու ուղղությամբ»,-ասաց Արմեն Գեւորգյանը:

Ներկայումս կոնսերվացվել է մոտ 70 խորքային  հոր, մոտ 100 խորքային հոր բերված է փականային համակարգի: Այս տարի փականային համակարգի կբերվի եւս  16 խորքային հոր:

Փոխվարչապետի խոսքերով՝ ջրային պաշարների կառավարման եւ վերահսկողության նպատակով կներդրվեն նոր տեխնոլոգիաներ: «Ես կարծում եմ,որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունը ի վիճակի կլինի հասնել նրան, որ մենք ունենանք ավտոմատացված կառավարման համակարգ, որը մեզ հնարավորություն կտա օպերատիվ կարգով վերահսկել այդ խնդիրները»,- ասաց նա: 

ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն դոկտոր Քարեն Հիլիարդ նույնպես կարեւորեց ոլորտում առկա խնդիրների հրատապ լուծումը: «6-8 տարի առաջ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը բավարար էին ոռոգման, խմելու և ատոմակայանի սառեցման համար: Ցավոք, վերջին տարիներին ձկնաբուծության անվերահսկելի աճը ջրի լուրջ նվազման պատճառ է դարձել: Այսօր դաշտի 39 համայնքներ զրկված են խմելու և ոռոգման ջրից: Ավելի լուրջ խնդիր է այն, որ հունիս և հուլիս ամիսներին ջուրը հազիվ է բավարարում ատոմակայանը սառեցնելու համար»,- ասաց  նա` նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ -ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը` մշակելու անհրաժեշտ օրենքներ և վերահսկման համակարգ, որն արդար կլինի բոլոր շահառուների համար: «Մեր նպատակն է նաև օգնել ձկնաբուծությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվողներին  ավելի արդյունավետ օգտագործել ստորգետնյա ջրերը՝ նրանց  ներկայացնելով նոր տեխնոլոգիաներ: Արարատյան դաշտի համայնքների գոյությունը կախված է այս խնդրի լուծումից»,- ասաց Քարեն Հիլիարդը:

«Հայջրնախագիծ իստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանն էլ խնդրի լուծումը տեսնում է Սեւանա լճի մեջ: «Մեծամոր գետի ավազանում  303 խորքային հորերից 122-ն իսպառ չորացել են: Գետի ջրատվությունը կազմում է ընդամենը 604 լ/վկր ջուր: Բոլոր աղբյուրները գրեթե ցամաքել են մինչև վերջ: Ակնա լճի ջրատարությունը իջել է 75  տոկոսով: Բացի ատոմակայանից մեծ ռիսկեր ունեցանք նաև 31 համայնքների ոռոգման և խմելու ջրի հետ կապված:  Համայնքների ոռոգումն ապահովելու համար մենք երեք տարվա ընթացքում մի քանի միլիարդի հասնող գործողություններ կատարեցինք, որպեսզի կարողանանք ջրի պակասը լրացնել: Մենք ստիպված 5 տարով դիմեցինք Սևանա լճին»,- ասաց նա` հույս հայտնելով, որ ՀՀ Նախագահի և կառավարության միջնորդությամբ, մի շարք պետությունների և կազմակերպությունների օգնությամբ կառուցվող 4 ջրամբարները  կուծեն խնդիրը և այլևս ձեռք չի տրվի մեր ռազմավարական պաշարին՝ Սևանա լճին:

Ուսումնասիրության մանրամասները և քննարկման զարգացումները` ԷկոԼուրի հաջորդ հրապարակումներում:

Լուսանկարը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության



Մարտ 19, 2014 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր