Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել հանքարդյունաբերական նախագծերին

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել հանքարդյունաբերական նախագծերին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել.

  1. «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին:
  2. «Գեգամետ Պլյուս» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծին:
  3. «Վարդենիսի քարհանք վարչություն» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի «Լեսնոյե» տեղամասի շահագործման նախագծին:

Բնապահպանության նախարարությունը, բացի վերոնշյալից, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն մասնակցել է Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծի, Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծի, Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծի հասարակական լսումներին եւ յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ կարծիք է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: Թուխմանուկի  նոր պոչամբարի նախագծի վերաբերյալ Էկոլուրի կարծիքում մասնավորապես նշվել է, որ  նախագծում ներկայացված պոչերի պարունակության մասին տվյալները չեն համապատասխանում հանքաքարի կազմին, տվյալներ չկան ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի մասին, որոնք մնում են ոսկու կորզումից հետո: Գործող երկու պոչամբարներից առաջացած ջրի եւ հողի ֆոնային աղտոտման մասին գնահատական չկա: Տվյալներ չկան բնակչության առողջության վրա պոչամբարի հնարավոր ազդեցության մասին:

Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի վերաբերյալ ԷկոԼուրի կարծիքում մասնավորապես նշված էր, որ նախագծի իրագործումը կարող է ծայրաստիճան բացասական ազդեցություն ունենալ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտու վրա: Մեղրաձորի հանքավայրի հանքաքարում առկա են միացություններ, որոնք շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար ամենից բարձր տոքսիկության աստիճանն ունեն, դրանք են` սնդիկը, մկնդեղը, բիսմուտը եւ կապարը: Բազմիցս կավելանան Մարմարիկ գետի ջրահավաք ավազանի, գյուղատնտնեսական նշանակության հողերի աղտոտման ռիսկերը:

Շորժայի նախագծի վերաբերյալ ԷկոԼուրի կարծիքում մասնավորապես նշված էր, որ արդյունահանումը կատարվում է բաց եղանակով: Հանքաքարը գրավիտացիոն եղանակով վերամշակվում է Սեւանա լճից 2-3կմ հեռավորության վրա գտնվող գործարանում: Դրանով խախտվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է վերամշակման գործունեություն Սեւանա լճի ավազանում: Նախագծում արտացոլված չեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նվազագույն պահանջները (հոդված 5)` լանդշաֆտների վրա ազդեցության, առողջության վրա ազդեցության, կենսաբազմազանության վրա ազդեցության եւ ամենագլխավորը` Սեւանա լճի վրա ազդեցության մասին եւ այլն:

15:01 Մայիս 07, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news