Ովքե՞ր են մեղավոր` Խոսրովի արգելոցի աշխատակիցները, թե՞ տնօրենը

Ովքե՞ր են մեղավոր` Խոսրովի արգելոցի աշխատակիցները, թե՞ տնօրենը

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: 
Նրանք հայտնել են, որ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը (Հրաչյա Հովակիմյան) ոտնահարում է իրենց աշխատանքային իրավունքները` պահանջելով աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: 

Աշխատակիցների խոսքով` ներկայիս տնօրենը որ աշխատակցի հետ նպատակահարմար չի գտնում աշխատել, ստիպում է ազատման դիմում ներկայացնել առանց հաշվի առնելու աշխատանքային փորձը, կրթությունը, տարիքը:

Պաշտպանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների դիմումը ընդունել է քննարկման և համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ է ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարություն և Բնապահպանության նախարարություն:

Բնապահպանության նախարարությունը, Պաշտպանի գրությանն ի պատասխան, հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ Պաշտպանին ուղղված բողոքի առնչությամբ իրականացվել է ներքին ծառայողական քննություն: Արդյունքում արձանագրվել է, որ աշխատանքային կարգապահության խախտումները թույլ են տրվել աշխատողների կողմից, միաժամանակ, վերջիններիս կողմից ներկայացվել է զղջման գրություն` ուղղված ՊՈԱԿ-ի տնօրինությանը: 

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունից հայտնել են, որ Պաշտպանի գրության հիման վրա «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվել է, ըստ անհրաժեշտության, ստուգում: Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումներով` թվով 18 աշխատողների հետ չի կատարվել վերջնահաշվարկ մոտ 2 մլն դրամի չափով, չեն լրացվել և աշխատողներին չեն հանձնվել աշխատանքային գրքույկները: 

Նշվել է նաև, որ Աշխատանքի պետական տեսչության կողմից գործատուին կտրվի արձանագրված խախտումները վերացնելու և դրանք կանխարգելելու նպատակով պարտադիր կատարման հանձնարարական, և կկիրառվեն վարչական տույժեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը:

Մարտ 28, 2013 at 15:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր