Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մոնիթորինգ այսուհետ կիրականացվի արդիական ուլտրաձայնային հոսքաչափերով (Լուսանկարներ)

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մոնիթորինգ այսուհետ կիրականացվի արդիական ուլտրաձայնային հոսքաչափերով (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն այսուհետ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մոնիթորինգ կիրականացնի ուլտրաձայնային հոսքաչափերով, որոնք նախարարությանը տրամադրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ, USAID): Հոսքաչափերի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 24-ին Արարատի մարզի Մասիսի շրջանի Սայաթ-Նովա համայնքում տեղակայված «Մասիսձուկ» ձկնային տնտեսությունում:

Հոսքաչափը շարժական սարքավորում է, որն աշխատում է ուլտրաձայնային մեթոդով: Երկու սենսորների մեջ անցնող ուլտրաձայնային ալիքը համապատասխան A սենսորից մինչև B սենսոր անցնելու ընթացքում հաշվարկ է կատարում և գումարային հաշվարկի ընթացքում ցույց տալիս՝ ինչքան է այդ պահին անցնող լիտր/վրկ ջրաքանակը:

«Անցյալ տարի մենք իրականացրել ենք Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ուսումնասիրություն: Արդյունքները ցույց են տվել, որ Արարատյան դաշտում օգտագործվող ջուրը շատ ավելին է, քան վերականգնվող պաշարները: Տարիների ընթացքում ջրօգտագործումը հիմնականում հավասարակշված էր՝ մինչև մեծ քանակությամբ ձկնաբուծարանների աշխատելը: Չնայած որ մենք գիտակցում ենք, որ Հայաստանում սա կարևոր բիզնես է և կարևոր եկամուտի աղբյուր,  այնուամենայնիվ կարծում ենք, որ ջրօգտագործումը ձկնաբուծարաններում պետք է հավասարակշռվի: Այս հոսքաչափերի գնումը և հանձնումը բնապահպանության նախարարությանը  ունի նպատակ` օգնելու իրականացնել ջրային ռեսուրսների մոնիթորինգ ձկնաբուծարաններում», - ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը:

«Վերջերս մենք ընդունեցինք կլիմայի փոփոխության երրորդ ազգային զեկույցը: Այնտեղ թվերը բավականին մտահոգիչ են, հատկապես ջրային ռեսուրսների հեռանկարների մասով: Մինչև 2030 թվականը կանխատեսվում է, որ ջրային ռեսուրսների մակերևութային ծավալը կնվազի 12-15%-ով: Դա այն ազդանշանն է, որը մեզ ևս մեկ անգամ ասում է, որ մենք շատ լուրջ անելիքներ ունենք և պետք է ապահովենք մեր ունեցած ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը», - նշեց  ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ 2014 թվականին տեխնիկական զինվածության խնդիրներ են առաջացել Արարատյան դաշտում իրականացված աշխատանքների ընթացքում:  «Մենք մեր աջակից դոնոր կազմակերպությունների հետ սկսեցինք համագործակցել և կիսվել մեր խնդիրներով: Առաջին արձագանքը ստացանք USAID-ի կողմից, որը պատրաստակամություն հայտնեց աջակցել մեզ լրացուցիչ չափող սարքերով, որը ավելի արդյունավետ կդարձնի մեր առօրյա դաշտային աշխատանքները: Ցանկացած տնտեսությունում, համաձայն պայմանագրերի, տարեկան չորս անգամ չափումներ են իրականացվում: Չափումները մշակվում են, համապատասխան հետևություններ են արվում, և, բնականաբար, երաշխիք են հանդիսանում խնայողաբար օգտագործման համար», - ասաց Խաչիկ Հակոբյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից նախարարությունը ստացել է երեք հոսքաչափ, որոնցից մեկը ստացել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, իսկ մնացած երկուսը՝ Հիդրոմոնիթորինգի կենտրոնը:

«Ջրօգտագործման թույլտվությունների տված ջրաքանակը և մոնիթորինգի տվյալները տեղադրվելու են ջրային կադաստրում, որը էլեկտրոնային կայքի միջոցով  հասանելի է  լինելու և հասարակությանը, և բոլոր շահագրգիռ մարդկանց», - ասաց Դավիթ Գրիգորյանը:

 
 
 
 
 
 


Փետրվար 24, 2015 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր