ԷկոԼուր
2020թ․ մայիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Եղեգնաձոր քաղաքի դատարանը կքննի Գնդեվազի նախկին գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի և նրա որդու՝ համայնքային հողերը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելու գործը։
Վայոց ձորի մարզի Գնդեվազի նախկին գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ 2019 թ․ հուլիսին քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Գնդեվազի համայնքապետը աճուրդի միջոցով համայնքի հողատարածքներն օտարել է իր անչափահաս որդուն՝ համայնքին պատճառելով ավելի քան 146 միլիոն դրամի վնաս։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակցության մեջ նշված է.
«Հայրապետ Էդիկի Մկրտչյանը 2012 թ․ սեպտեմբերի 28-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ներկայումս Ջերմուկ համայնքին միավորված Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում համայնքային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ՝ օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով: Վերջինս ի պաշտոնե մասնակից լինելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ «Գեոթիմ» ՓԲ ընկերության կողմից համայնքում հրավիրված հանդիպումներին, դեռևս 2013 թվականից տեղյակ է եղել, որ ՀՀ կառավարությունը որոշել է հանքավայրի կույտային տարրալվացման հարթակը Սյունիքի մարզի Սարավան համայնքից տեղափոխել Գնդեվազ համայնք: Գիտակցելով, որ նշված հանգամանքով պայմանավորված «Գեոթիմ» ՓԲ ընկերության համար անխուսափելիորեն առաջանալու է այդ հարթակի կառուցման վայրում գտնվող հողատարածքները ձեռք բերելու անհրաժեշտություն և տեղյակ լինելով, որ ընկերությունը դրա դիմաց պատրաստ է լինելու բարձր գին վճարել, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ նպատակադրվել է ձևական աճուրդի միջոցով որդու՝ Լաերտ Մկրտչյանի անվամբ այդ վայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք ձեռք բերել, այնուհետև այն ընկերությանն անհամեմատ բարձր գնով վաճառել:
Մտադրությունն իրագործելու նպատակով Հայրապետ Մկրտչյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 18-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու վերաբերյալ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և ավագանու որոշմամբ օտարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, հողային օրենսգրքով, այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համայնքի ավագանու հետ համայնքային սեփականության ներքո գտնվող հողերը կառավարելու և տնօրինելու, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերը օտարելու լիազորություններով, 2014 թվականի մարտի 27-ին հրավիրել է Գնդեվազ համայնքի ավագանու նիստ և, ստանալով 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքն օտարելու վերաբերյալ ավագանու համաձայնությունը, որոշում է կայացրել աճուրդի միջոցով այն օտարելու մասին՝ աճուրդի մեկնարկային գին սահմանելով դրա կադաստրային արժեքի 60 տոկոսի չափով՝ 372.000 ՀՀ դրամ:
Այնուհետև, Հայրապետ Մկրտչյանը, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված արգելքն այն մասին, որ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ինչպես նաև այն անձինք, ովքեր սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք, աճուրդի մասնակից է գրանցել 18 տարին չլրացած' քաղաքացիական գործունակությամբ չօժտված իր որդուն՝ Լաերտ Հայրապետի Մկրտչյանին:
2014 թվականի մայիսի 6-ին Լաերտ Մկրտչյանը մասնակցել է Գնդեվազի համայնքապետարանում Հայրապետ Մկրտչյանի կազմակերպած և անձամբ վարած աճուրդին, որի ընթացքում օժանդակել է նրան սակարկության սկսման համար մեկից ավելի սակարկողների առկայության անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված խոչընդոտը հաղթահարելու, սակարկության ընթացքում 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի դիմաց առավել բարձր քայլ կատարելով հաղթող ճանաչվելու և 410.130 ՀՀ դրամով այն ձեռք բերելու իրավունք ստանալու եղանակով:
Դրանից հետո՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Լաերտ Մկրտչյանը շարունակել է օժանդակել Հայրապետ Մկրտչյանի հանցավոր գործողություններին և, քաղաքացիական գործունակությամբ օժտված չլինելով, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ջերմուկ սպասարկման գրասենյակում Գնդեվազ համայնքի՝ ի դեմս Հայրապետ Մկրտչյանի հետ կնքել է 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի առուվաճառքի պայմանագիր և 410.130 ՀՀ դրամով գնել է այն, իսկ 2015 թվականի մայիսի 26-ին, Հայրապետ Մկրտչյանի նախնական մտադրության համաձայն, նույն հողատարածքը անհամեմատ բարձր գնով' 147.300.838 ՀՀ դրամով վաճառել է «Լիդիան Արմենիան» ՓԲ ընկերության վերանվանված «Գեոթիմ» ՓԲ ընկերությանը:
Արդյունքում Հայրապետ և Լաերտ Մկրտչյանների վերոգրյալ գործողություններով Գնդեվազ համայնքին պատճառվել է 146.890.708 ՀՀ դրամի գույքային վնաս, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքերից, ինչպես նաև համայնքային միջոցներն անձնական շահերին ծառայեցնելով, հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի բարի համբավը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները»։
Մայիս 05, 2020 at 16:05