ԷկոԼուր
ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա գնահատելու նպատակով: Այս մասին ս.թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Առողջապահության նախարարության կողմից շարունակաբար իրականացվում է շրջակա միջավայրին պատճառված վնասի հետևանքով բնակչության առողջությանը պատճառված վնասների ուսումնասիրություն: Բնակչության առողջության ցուցանիշների աճի և նվազման միտումները բացահայտելու նպատակով իրականացվում են վերլուծություններ:
Առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեթոդաբանական աջակցություն ստանալու համար, որի օգնությամբ կարելի կլինի էլ ավելի լավ գնահատել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա», - ասաց Տիգրան Ավինյանը:
Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ նա նշեց, որ այս ոլորտում Հայաստանի կառավարության քաղաքականությունն ուղղված է թափանցիկության և բարձր հաշվետվողականության ապահովմանը:
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ կառավարությունը չի տիրապետում բնապահպանական խնդիրներին, իսկ մարդկանց առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցությունն ակնհայտ է: Նա նշեց, որ հնարավորություն կա կանխարգելելու շրջակա միջավայրի բացասական ազդեցությամբ պայմանավորված մահերը, իսկ դրա համար ցանկություն է պետք:
Հիշեցնենք, որ դեռ 2019թ-ի հունիսին ԷկոԼուրի կողմից անցկացված «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործի հանրային դատավարության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների եւ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնել էր, որ առողջապահության նախարարությունը մշակել է մեթոդաբանություն և այն Առողջապահության համաշխարային կազմակերպությունում է: «Նախարարությունն արդեն իսկ մշակել է մեթոդաբանություն, որը թույլ կտա բազմակողմանի վերլուծությունների միջոցով, հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ այդ թվում վարքագծային ռիսկի գործոնները, բացահայտել պատճառահետեւանքային կապերը, քանի որ դրանք, այո, շատ կարեւոր են, և մենք եթե դրանք ճիշտ չբացահայտենք, մենք չենք կարող ճիշտ աշխատանքներ իրականացնել դրանց կանխարգելման ուղղությամբ: Ներկայում մեթոդաբանությունը գտնվում է Առողջապահության համաշխարային կազմակերպությունում, փորձագետների քննություն է արված, և քննությունից հետո նախատեսվում է նրանց կարծիքների հիման վրա լրամշակել: Միայն այդ ժամանակ մենք կարող ենք և անհատական, և պոպուլյացիոն ռիսկերը գնահատել և կարող ենք գնահատել, թե հանքարդյունաբերության արդյունքում ինչքան լրացուցիչ չարորակ նորգոյացությունների դեպքեր կարող ենք ունենալ և ինչ միջոցառումներ կարող ենք ձեռնարկել»,- մասնավորապես ասել էր Ռոմմելա Աբովյանը:
Բնապահպանական հանրային դատարանը ՀՀ կառավարություն և ՀՀ դատախազություն ուղարկեց սույն գործով վճիռը ՝ ՀՀ կառավարությունից պահանջելով հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարությանը.
- մշակել և հաստատել մարդու առողջության վրա հանքարդյունաբերության հետևանքերի ազդեցության գնահատման ուղեցույց և մեթոդաբանություն
- իրականացնել հանքավայրերի ազդակիր համայնքներում մարդկանց առողջության մոնիտորինգ
- ուսումնասիրություններ կատարել հանքավայրերի շրջակա համայնքներում` մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ
- միջոցներ ձեռնարկել` հանքավայրերի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա կանխելու և մարդկանց առողջության պաշտպանությունը ապահովելու նպատակով:
Մինչ օրս որևէ պետական մարմին չի արձագանքել Բնապահպանական հանրային դատարանի սույն վճռին:
Դեկտեմբեր 04, 2019 at 18:02