ԷկոԼուր
Երևանի քաղաքապետարանը սկսել է կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Նա նշել է, որ մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
«Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը: Քաղաքապետարանը պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, և նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում:
Նշածս տարածքներն ազատելուց և դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքն արդեն այս գարնան սկզբից», - գրել է Հակոբ Կարապետյանը:
Հունվար 11, 2019 at 18:27