Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. Սուրեն Պապիկյանը՝ ԱԷՄԳ-ի 63-րդ համաժողովում

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. Սուրեն Պապիկյանը՝ ԱԷՄԳ-ի 63-րդ համաժողովում

ԷկոԼուր

«Որպես գործող ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր՝ Հայաստանը ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և հետագայում էլ շարունակելու է ամրապնդել ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ միջուկային և ճառագայթային անվտանգությունը բարձրացնելու և պահպանելու ուղղությամբ»: Այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին, որն անցկացվում է Վիեննայում սեպտեմբերի 15-18-ը։

Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն:

«Մենք բարձր ենք գնահատում այն դերն ու աջակցությունը, որն ԱԷՄԳ-ը մշտապես ցուցաբերում է Հայաստանին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության չափանիշների ապահովմանն ուղղված մեր պարտավորությունների կատարման ընթացքում:
ՀՀ-ի միակ միջուկային էներգետիկայի կառույցի շահագործման անվտանգության բարձրացման հարցը, ինչպես նաև դրա հետ կապված ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման ծրագրի իրագործման ընթացքը պարբերաբար քննարկվում են ՀՀ Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստերում, որի կազմում են նաև արտասահմանյան առաջատար փորձագետներ», - ասել է Սուրեն Պապիկյանը:

ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացվել է շուրջ 40 ազգային ծրագիր, ներկայումս իրականացվում է ևս 7-ը: Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ այդ ծրագրերը շարունակական կլինեն և կներդրվեն առավելագույն ջանքեր Համատեղ գործողությունների Համապարփակ ծրագիրը պահպանելու ուղղությամբ:
«Բացի այդ, Հայաստանը մասնակցում է ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության մոտ 20 ծրագրերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ միջուկային և ճառագայթային անվտանգության բարելավումը, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարումը, միջուկային օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը, վթարային իրավիճակների պատրաստվածության և արձագանքման բարձրացումը, միջուկային բժշկության զարգացումը, սննդի անվտանգության ապահովումը և այլն:

ԱԷՄԳ-ն առանցքային դեր է խաղում միջուկային անվտանգության միջազգային համակարգի ամրապնդման գործում` նպաստելով համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերի կիրարկմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և պետությունների կարողությունների բարձրացմանը ֆիզիկական միջուկային անվտանգության ոլորտում։

Այս կապակցությամբ հարկ եմ համարում շեշտել, որ Հայաստանը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԱԷՄԳ-ին վերջինիս լիազորությունների և մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231(2015) բանաձևի իրականացման հարցում և շնորհակալություն է հայտնում Գործակալությանը մասնագիտական և անկախ գործունեության համար», - նշել է Սուրեն Պապիկյանը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպել է նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ։ Նախարարը կարևորել է ԱԶԿ ներգրավվածության ընդլայնումը Հայաստանի համաչափ զարգացման ծրագրերոմ։

Իր հերթին Լի Յոնգը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել մասնակցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում՝ մասնավորապես համայնքներում կարողությունների զարգացման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել համատեղ ծրագրերի մանրամասները։

17:07 Սեպտեմբեր 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news