Ուրալում գտնվող ռադիոակտիվ լիճը նոյեմբերի վերջին կչեզոքացվի

Ուրալում գտնվող ռադիոակտիվ լիճը նոյեմբերի վերջին կչեզոքացվի

Ռիա Նովոստի

Նոյեմբերի 26-ին Չելյաբինսկի շրջանի Օզերսկ քաղաքում տեղի կունենա նշանակալից իրադարձություն. վերջնականապես կծածկեն հայտնի Կարաչայ լիճը, որը դարձել է Ռուսաստանի «միջուկային ժառանգության» խնդիրների խորհրդանիշը, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:

Կարաչայ լիճը գտնվում է ռադիոակտիվ նյութերի վերամշակման առաջին և ամենախոշոր ռուսական կենտրոններից մեկի՝ «Մայակ» արդյունաբերական միավորման քիմիական կոմբինատի տարածքում: «Մայակ»-ը ստեղծվել է 1948 թ-ին՝ պլուտոնիումի արտադրության համար միջուկային զենք ստեղծելու նպատակով: 1951 թ-ի հոկտեմբերից լիճն օգտագործվել է ռադիոակտիվ թափոնների դատարկման և թաղման համար: Սա թույլ էր տալիս նվազեցնել ռադիոակտիվ թափոնների արտահոսքը Տեչա գետ:

Լճի կոնսերվացման առաջին աշխատանքները սկսվել էին 1967 թ-ին, երբ քամու պատճառով ռադիոակտիվ նյութերը լճից տարածվել էին մոտակա բնակավայրերը: Սակայն վերջնական չեզոքացումը սկսվեց միայն 2008 թ-ին՝ «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ապահովումը մինչև 2015 թ. ընկած ժամանակահատվածում»  դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում: Համաձայն «Ռիա Նովոստի»-ի տվյալների` լճում կուտակված ռադիոակտիվ նյութերի ընդհանուր ակտիվությունը 2.5 անգամ գերազանցում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո շրջակա միջավայր արտանետված ռադիոնուկլիդների ընդհանուր ակտիվությունը:

Ինչպես մամուլին հաղորդել է «Մայակ» ԱՄ գործադիր տնօրենի տեղակալ Դմիտրի Կոլուպայեւը, Կարաչայի վերջին հատվածի ծածկման օրը Օզերսկում տեղի կունենա նախագծի արդյունքներն ամփոփող գիտատեխնիկական խորհրդակցություն:

Մասնագետների կարծիքով՝ Կարաչայ լճի խնդիրը չի վերանա ծածկելուց հետո ևս՝ դեպի գրունտային ջրեր ռադիոնուկլիդների մշտական արտահոսքի պատճառով: Անհրաժեշտ կլինի անցկացնել մշտական մոնիտորինգ նախկին լճի երկրաբանական միջավայրում:

15:58 Նոյեմբեր 16, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news