ԷկոԼուր
Սեպտեմբերի 3-4-ը կայացավ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական համաժողովը` ՀԱԷԿ-ին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը, խորհրդակցությանը մասնակցել են ԱԷՄԳ-ի, ԱՄՆ-ի, ՀԱԷԿ-ում ԵՄ օժանդակության ծրագրի (AOSA), Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի ներկայացուցիչները:
«ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, Չեխիա, Սլովակիա մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահպանման հարցում: Ձեռքբերումներն այս ոլորտում զգալի են, սակայն դեռևս անելիքներ կան: Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը երախտապարտ կլինի ԱԷՄԳ-ին և մասնակից բոլոր երկրներին այդ գործընթացը նման ձևաչափով շարունակական դարձնելու համար, մինչև 2026թ.–ի բլոկի կանգառը», իր խոսքում մասնավորապես նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով` 2013թ-ին, երբ ակնհայտ դարձավ, որ ֆինանսական խնդիրներից ելնելով, Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում իրականացնել նոր էնեգաբլոկի կառուցման ծրագիրը, որոշում ընդունվեց գործող էներգաբլոկի շահագործումը երկարաձգել 10 տարով:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՌԴ «Ռոսատոմ» կորպորացիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` գործող էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագրում ներառել անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
«Օգտվելով ընձեռված հնարավորությունից` մեկ անգամ ևս իմ խնդրանքն եմ ուղղում մասնակից դոնոր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին` մինչև էներգաբլոկի կանգառը հետամուտ լինել այս ձևաչափի շրջանակներում դեռևս չիրականացված մյուս միջոցառումների իրականացմանը»,- ասել է Երվանդ Զախարյանը:
«Հայաստանի ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար լուրջ ֆինանսավորման կարիք կարող է առաջանալ: Դրա համար հարկավոր է մասնակից պետությունների օժանդակությունը», - ասել է ԱԷՄԳ ներկայացուցիչ Միրոսլավ Լիպարը:
ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 2011թ. խորհրդակցությունից հետո ՀԱԷԿ-ում են 14 մեծածավալ միջոցառումներ, որոնցից կարեւորագույններն են`
1. ԱԷՄԳ ծրագրի շրջանակներում ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի բլոկի անվտանգության հետ կապված համակարգերի և սարքավորումների սեյսմիկ ատեստավորումը;
2. Միջուկային վառելիքի վերաբեռնավորման մեքենայի արդիականացումը;
3. Կառավարման վահանակի տարածքի բնակելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների նախագծի ներդրումը;
4. Վթարային կանգի վահանակի (ΠΑΟ) և հետվթարային մոնիտորինգի համակարգի (СΠΜ) տեղադրումը;
5. Բոհունիցեի ԱԷԿ-ից ապամոնտաժված լիամասշտաբ վարժասարքի մոնտաժումը:
Սեպտեմբեր 04, 2014 at 16:28