Իլհամ Ալիեւի մեղադրանքը Սերժ Սարգսյանը սուտ որակեց

Իլհամ Ալիեւի մեղադրանքը Սերժ Սարգսյանը սուտ որակեց

ԷկոԼուր

Հաագայում մարտի 24-ին եւ 25-ին անցկացված Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթում մասնավորապես նշել է, որ Հայաստանի կողմից միջազգային մակարդակով Ադրբեջանի տարածք ճանաչված տարածքի 20 տոկոսի շրջափակման եւ ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականության պատճառով երկիրը հնարավորություն չունի պատշաճ կերպով վերահսկելու իր սահմանների որոշակի մասը։ Այս իրավիճակը պայմաններ է ստեղծում անդրազգային կազմակերպված հանցավորության, ապօրինաբար միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի տեղափոխման, ինչպես նաեւ ռադիոակտիվ թափոնների թաղման եղանակով Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքների վարակման համար։

Իլհամ Ալիեւն անդրադարձել է նաեւ Մեծամորի ատոմակայանին։ Նա իր ելույթում մասնավորապես ասել է, որ Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը մեծ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Ըստ Ալիեւի՝ ատոմակայանի ցանկացած վթար աղետալի կլինի։ Սակայն միջազգային անհանգստությունը փարատելու եւ այդ ատոմակայանը փակելու փոխարեն Հայաստանը որոշել է շարունակել դրա շահագործումը մինչեւ 2026 թվականը, չնայած նրան, որ այն գտնվում է բարձր սեյսմիկ գոտում եւ հիմնված է հնացած, ծայրաստիճան վտանգավոր տեխնոլոգիայի վրա։ Այս մասին հայտնում է www.day.az  կայքը։

Ի պատասխան Ադրբեջանի նախագահի այս հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթաժողովում ունեցած իր ելույթի ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանի Նախագահի մեղադրանքներին, մասնավորապես ասել է. «Այսօրվա նիստում Ադրբեջանի Նախագահը հարց բարձրացրեց Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ: Ցանկանում եմ նշել, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետևողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները: Այդ մասին են վկայում ԱԷՄԳ-ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները: Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ»:

14:17 Մարտ 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news