A1+
Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովող ամենակարեւոր կառույցի՝ Մեծամորի ատոմակայանի շահագործումն, ըստ նախագծի, պետք է ավարտվի 2016-ին։
Չնայած դրան, ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովող «Հայատոմ» ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը կարծում է, նոր ատոմակայանի մասին խոսելը դեռեւս վաղ է։
«Մենք հարուստ երկիր չենք, որ փողը այնտեղ դրված է, վերցնենք ու կառուցենք։ Առավելեւս, որ նման որակյալ կայան ունենք։ Իմ կարծիքով, նոր բլոկի կառուցումը դեռ բավական երկար կտեւի», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Պետրոսյանը։
Մինչ միջոցներ կգտնվեն միլիարդավոր դոլարներ արժեցող նոր միջուկային կառուցման համար, Հայաստանը միջազգային գործընկերների աջակցությամբ որոշել է հնարավորինս երկարացնել հին կայանի կյանքը։
«Հայատոմի» տնօրենը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 8-12-ը Հայաստանում էին Եվրամիության փորձագետները, իսկ հոկտեմբերի 29-30-ը Հայաստան ժամանած «Ռոսատոմ» ընկերության պատվիրակների հետ ստորագրվել է արձանագրություն, որով սահմանվել են այն աշխատանքների ցանկը, որոնք առավելագույնս անվտանգ կդարձնեն 1976-ին գործարկված կայանի հետագա շահագործումը։
«Մենք պետք է բավականին խիստ գրաֆիկով սկսած հունվարի 1-ից աշխատենք, որպեսի 3 ու կես տարում կարողանանք բոլոր պահանջվող աշխատանքները ժամանակին կատարել», - ասաց Վահրամ Պետրոսյանը։
Ըստ նրա, ակնկալվում է, որ որոշակի միջամտությունից հետո կարելի է ՀԱԷԿ-ի ռեակտորի կյանքը երկարացնել առնվազն տասը տարով։ Նման վստահություն պարոն Պետրոսյանին ներշնչում է Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրների նմանատիպ այլ կայաններում կիրառված փորձը։
Ընդ որում, նշված կայանների շահագործման ժամկետը երկարացվելէ 15 տարով։ «Հիմա նրանք աշխատանքներ են տանում՝ եւս տասնհինգ տարի երկարաձգելու համար, այսինքն՝ երեսուն տարի է դառնում», - նշեց «Հայատոմի» տնօրենը՝ չբացառելով, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումն էլ կարող է երկարացվել նման ժամկետներով։
Միջուկային անվտանգության միջազգային գործակալության նախաձեռնությամբ իրականավցված սթրես-թեստերի ժամանակ մասնագետները համոզվել են նաեւ նրա սեյսմակայունության մեջ։
«Կայանի բոլոր հիմնական սարքավորումները կապված են հատուկ ճապոնական հիդրոամորտիզատորներով, ինչը ոչ մի ուրիշ կայանում չկա, դրանք երկրաշարժի ժամանակ իրենց վրա են վերցնում ցնցումը եւ թույլ չեն տալիս սարքավորումների շարժումը մեծ ամպլիտուդայով, ինչը կարեղ է աղետի հասցնել»,- ասաց պարոն Պետրոսյանը։
Նա նշեց, որ ատոմակայանի անվտանգության հետ կապված ցանկացած հարցում հաշվետու են հանրապետության բարձրագույն ղեկավարությանը, բացի դրանից՝ համագործակցում են միջազգայի կառույցների հետ։ «Մենք թափանցիկ ենք, վատ չէր լնի, որ մեր հարեւանները նույնպես լավ իմանային էդ մասին», - եզրափակեց «Հայատոմի տնօրենը»։
Նոյեմբեր 06, 2012 at 11:18