Ատոմային էներգետիկայի համար անհրաժեշտ է նոր քաղաքականություն

Ատոմային էներգետիկայի համար անհրաժեշտ է նոր քաղաքականություն

ԷկոԼուր

Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան Հայաստանում ատոմային էներգետիկայի անվտանգության խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում քննարկվեցին Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) խնդիրները: Քննարկումը հիմնականում վերաբերեց ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի թաղմանը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի հնարավոր կառուցմանը: Քննարկումը կազմակերպել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:

Ստորև ներկայացնում ենք քննարկման ընթացքում շեշտադրված հիմնական խնդիրները և մեկնաբանությունները:

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այդպիսով, այլևս չկա էներգետիկայի՝ որպես առանձին ոլորտի առաջնահերթություն, և ավելին, չկա ատոմային էներգետիկայի՝ որպես առանձին ոլորտի առաջնահերթություն: Ատոմային էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակումը իջեցվել է ատոմային էներգետիկայի բաժնի մակարդակի: Այդ բաժինն ընդգրկված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության կազմում: Ամբողջ քաղաքականությունից մնում են վերահսկողականգործառույթները: Ինչպես հայտնի է, ՀԱԷԿ-ի անվտանգության վերահսկողությունը միջազգային մակարդակով իրականացնում էԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ): Վերահսկողական գործառույթն ազգային մակարդակով իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:

Նման քայլը կարող է հանգեցնել ատոմային էներգետիկայի ոլորտում քաղաքականության և որոշումների ընդունման մակարդակի իջեցման, կադրերի կորստի և այլ անցանկալի հետևանքների:

ՀԱԷԿ-ը և ներդրումները: Համաշարհային միտումները ցույց են տալիս, որ ատոմային էներգետիկայի ոլորտում նկատվում է լճացում: Համաշխարհային բանկի  տվյալներով, սկսած 2015թ-ից տնտեսության մեջ տեղի է ունենում ռեսուրսների վերաբաշխում դեպի վերականգնվող էներգետիկայի աղբյուրներ: Նոր ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) կառուցման համար ներդրումները  կապված են կառուցման երկար ժամկետների հետ՝ մինչև 15 տարի, երբեմն՝ մինչև 25 տարի:  Սա նշանակում է, որ եթե նույնիսկ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրող հայտնվի,  ապա նոր էներգաբլոկը կառուցված կլինի 2040-2050թթ: Հաշվի առնելով հարևան երկրներում էներգետիկայի ոլորտի զարգացման միտումները՝ հայտնի չէ, թե որքան մրցունակ կլինի էլեկտրաէներգիայի շուկան՝ ներառյալ ատոմային բաղադրիչը:

Նկար 1. էներգիայի տարբեր տեսակների հավասարակշռված արժեքը

Ներկայացված տվյալներից երևում է, որ ատոմային էներգիայի հաշվեկշռված արժեքը (նոր կայանների համար՝ ներառյալ սպասարկումը) ավելի բարձր է՝ համեմատած վերականգնվող՝ արևային, հողմային, երկրաջերմային, ինչպես նաև ածխային էներգիայի հետ:

Ներդրումային հեռանկարներն այնպիսին են, որ ատոմային էներգետիկան դառնում է անմրցունակ վերականգնվող էներգետիկայի համեմատ, քանի որ  բերում է սակագների անխուսափելի բարձրացման:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում

Ներկայումս ընթանում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներ: Սակայն ՀԱԷԿ-ի բլոկի ռեակտորի ծերացման խնդիրը չի լուծվել: Սա ատոմային էլեկտրակայնների անվտանգության ամենամեծ խնդիրն է: ՀԱԷԿ-ի կառուցման նախագծի վրա աշխատած մասնագետները էլեկտրակայանի շահագործման ժամկետը սահմանել են 30 տարի՝ նկատի ունենալով բոլոր ռիսկերը՝ այդ թվում ռեակտորի ծերացումը: Ներկայիս մասնագետները երկարացնում են ՀԱԷԿ-ի գործողության ժամկետը, առաջարկում են թարմացնել հիմնական բլոկերը՝ անտեսելով ռեակտորի ծերացման խնդիրը:

Նշենք, որ ատոմային ռեակտորի մաշվածության խնդիրը հնարավոր չէ լուծել վերասարքավորան հաշվին: Երբ հայտարարում են, որ կայանը գործնականում վերասարքավորված է ինչ-որ հանգույցների փոխման հաշվին, դա մանիպուլիացիա է: Քանի որ ռեակտորի ծերացման խնդրի հաղթահարան համար տեխնիկական լուծումներ չկան, ապա ընդունվում են քաղաքական որոշումներ, ինչն իրենից վտանգ է ներկայացնում ատոմային կայանների անվտնգության համար: Այս կապակցությամբ նշենք տեղեկատվության անբավարարությունն այն մասին, թե ինչի վրա է ծախսվել ՀԱԷԿ-ի վերակառուցման և թարմացման համար  Ռուսաստանի տրամարած 300 միլիոն դոլլարը (270 միլիոնը՝ վարկ, 30 միլիոնը՝ դրամաշնորհ): Տեղեկատվություն չկա ծախսերի տեխնիկական բնութագրերի մասին: Համաշխարհային պրակտիկայից հայտնի միջին հաշվարկների համաձայն՝ ԱԷԿ-ի շահագործումից հանելու արժեքը կազմում է 30-40 տոկոս նախնական արժեքից մինչև կառուցման արժեքից 2 անգամ ավելի:

Օրինակ, եթե 1000Մվտ հզորությամբ ռեակտորի կառուցումը արժեր 1 միլիարդ դոլլար, ապա նմանատիպ ռեակտորի շահագործումից հանելը կարող է արժենալ 300 միլիոնից մինչև 2 միլիարդ դոլլար: Չկա տեղեկատվություն այն մասին, թե արդյոք եղել է դիմում հնարավոր ներդրողներին, թե եղել են բանակցություններ և ինչ արդյունքների են հանգել:

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման բարձր ռիսկերը  և միջուկային անվտանգության խնդիրը հաշվի առնելով՝ կասկածելի է  ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը նույնիսկ մինչև 2026թ-ը: Հարկավոր է ամենաբարձր մակարդակով քննարկում անցկացնել այս հարցի շուրջ, ստանալ մեկնաբանություններ մասնագետներից, այդ թվում՝ եվրոպացի մասնագետներից Ֆրանսիայից կամ Գերմանիայից, որոնք ունեն մեծ փորձ՝ հստակ նշելով հայտնաբերված խնդիրները և առաջարկությունները: Օրինակ Ֆրանսիան ունի 58 գործող ատոմային կայանքներ: Հարկավոր է մշակել ատոմային էներգետիկայի անվտանգության միջոցառումների պլան, ծախսերի տնտեսական գնահատական, տեղեկացնել ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով գտնվող   ազդակիր համայնքների հասարակությանը:

Սեյսմիկ ռիսկեր

ՀԱԷԿ-ի հարթակը ենթարկված է սեյսմիկ ռիսկի: Ռիսկերը գնահատվել են մասնագետների կողմից Սպիտակի երկրաշարժից հետո, բացահայտվել է բեկվածք, որը ձգվում է մինչև Սպիտակ: Սակայն ռիսկերը նվազեցված են, և հիմա ուշադրություն է դարձվում միայն ՀԱԷԿ-ի հարթակի իջեցված սեյսմիկ ռիսկերին:

Թեպետ ավելի հին տվյալները հրապարակված են և հասանելի, պատասխանատու գերատեսչությունները, մասնավորապես ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն դրանք չի քննարկում և ուշադրություն չի դարձնում, ինչը մեծ սխալ է հատկապես ատոմային էնեգետիկայի նոր օբյեկտների, գերեզմանոցի և այլնի կառուցման համար: ՀԱԷԿ-ի սեյսմիկ ռիսկերը գնահատված չեն պատշաճ կերպով, հետևաբար,  չկա ՀԱԷԿ-ի փակման ճանապարհային քարտեզի մակարդակի կամ ատոմային էներգետիկայի նոր օբյեկտների կառուցման վերաբերյալ որոշումների կայացման մակարդակի ռիսկերի նվազեցման գործողությունների պլան:

Ռադիոակտիվ թափոններ, աշխատած միջուկային վառելիք

Լուծված չէ ռադիոակտիվ թափոնների, աշխատած միջուկային վառելիքի  վնասազերծման հարցը: Երբ ԱԷԿ-ի աշխատանքը կանգնեցվում է, ապա միանգամից հայտնվում են մի քանի հազար տոննա ռադիոակտիվ աղտոտված մետաղներ, բետոնային կոնստրուկցիաներ և այլն, որոնց համար անհրաժեշտ է գտնել իզոլացման հնարավորություն և երաշխավորել, որ այդ մի քանի հազար տոննաներն անվտանգ կլինեն սերունդների համար: Թափոնները պարունակում են երկար կյանք ունեցող ռադիոնուկլիդներ: Դրանց վնասազերծման նոր տեխնոլոգիաներ չկան: Աշխատած միջուկային վառելիքի  վերամշակումը նշանակում է այլ ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, պլուտոնի առանձնացում հետագա օգտագործման համար, ընդորում դրա հետ մեկտեղ արտադրվում են բարձր ռադիոակտիվությամբ թափոններ մեծամասամբ լուծույթի տեսքով, այսինքն, ծավալն ավելի մեծ:

Դեռ 2013թ. հուլիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (OSART- Operational Safety Review Team) ներկայացուցիչների Հայաստան այցի ժամանակ նշվեց, որ OSART-ի առաքելության 14 առաջարկություններից չեն կատարվել 4-ը, որոնք վերաբերում են հիմնականում ցածր և միջին ակտիվությամբ  ռադիոակտիվ թափոնների կառավարմանը: Անցել է 6 տարի, բայց խնդիրը մնացել է նույն մակարդակում: Այսպիսով, աշխատած միջուկային վառելիքի և ռադոակտիվ թափոնների պահպան որոշման բացակայությունը կարող է խոչընդոտ լինել ատոմային էներգետիկայի  ոլորտում ցանկացած քաղաքականության իրականացման համար՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման, ՀԱԷԿ-ի կոնսերվացման, ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման և այլ հարցերում:

Աշխատած միջուկային վառելիքի  և ռադիոակտիվ թափոնների կառավարման վերաբերյալ կառավարության որոշումները փոխվում են՝ կախված քաղաքական իրավիճակից, Ռոսաստանի ղեկավարների և Ռոսատոմի հետ հետ բանակցություններից: Այդ որոշումները դեռ ոչ մի կերպ ապահովված չեն գործողություններով, և երկիրը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ պետք կլինի ընդունել արագ որոշում աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման համար՝ առանց ապահովելու պատշաճ մակարդակի անվտանգություն:

Ջրային ռեսուրսների անբավարարություն ՀԱԷԿ-ի աշխատանքի համար

ՀԱԷԿ-ն օգտագործում է Սևջուր գետի ջուրը և ստորգետնյա արտեզյան հորերի ջուրը: Դրա հետ մեկտեղ ստորգետնյա հորերից ջրի բաժինը ավելացվում է, քանի որ Սևջուր գետի հոսքը նվազել է, և 17,8 խմ/վրկ հոսքի փոխարեն ներկայումս ունի 0,5խմ.վրկ հոսք: Հոսքի նվազման պատճառը  մի քանի ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի գերծախսն է, որոնք խախտել են Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի հաշվեկշիռը՝ օգտագործելով ստորգետնյա ջրերի վերականգնման ծավալից 40% ավելի ջուր: Իր հերթին Սևջուր գետը զգալի կերպով սնվում է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերից:

ՀԱԷԿ-ի համար փորված նոր ստորգետնյա հորերը ջրի կայուն աղբյուր չեն հատկապես այն դեպքում, երբ ձկնաբուծական տնտեսությունները շարունակում են ստորգետնյա ջրերի գերշահագործումը, ինչը հանգեցրել է ստորգետնյա ջրերի հորիզոնների իջեցման 10-15մ: Սա նշանակում է, որ նաև ՀԱԷԿ-ի համար նախատեսված նոր հորերը կարող են կանխատեսվող ապագայում զգալի նվազեցնել ջրի ծավալը:

Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի գերծախսի խնդիրը չի լուծվել,  ձկնաբուծարանների սեփականատերերի շահերը բարձր են ՀԱԷԿ-ի անվտանգության շահից:  Ջրի գերօգտագործման խնդրի լուծման ձգձգումը կարող է հանգեցնել ստորգետնյա հորերից ՀԱԷԿ-ին ջրի շարունակական մատակարարման ընդհատման:

Առաջարկություններ

Անհրաժեշտ է՝

  • Գնահատել ՀԱԷԿ-ի փակման արժեքը, ռիսկերը նվազագույնի հասցնելու ծախսերը:
  • Մշակել ծրագիր ՝ ՀԱԷԿ-ի բազայի վրա տեխնոլոգիական լաբորատորիա ստեղծելու համար ՝ էներգետիկ ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման համար, այդ թվում՝ ատոմակայանների շահագործման անվտանգության բարձրացման ուղղությամբ:
  • Գնահատել նոր լաբորատորիայի ստեղծման արժեքը, այդ ծրագրում նոր տեխնոլոգիաների և մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը:
  • Վերանայել էներգետիկայի զարգացման ռազմավարությունն ի օգուտ վերականգնվող էներգետիկ աղբյուրների՝ հաշվի առնելով այն, որ ի տարբերություն ՀԱԷԿ-ի, վերականգվող աղբյուրները  տրված պարամետրերով մեկ օբյեկտ չեն, այլ իրենցից ներկայացնում են մոդուլներ, որոնք կարող են արձագանքել էներգետիկ ոլորտի փոփոխվող պահանջարկներին:
  • Մշակել ատոմային էներգետիկայի զարգացման տարբեր՝ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման, ՀԱԷԿ-ի գոծող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման,ՀԱԷԿ-ի փակումից հետո սցենարներ: Հաշվի առնել նոր տեխնոլոգիանների ներդրումային գրավչությունը:
  • Անցկացնել մասնագիտացված և հանրային քննարկումներ ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման խնդիրների վերաբերյալ:
  • Սահմանել ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով գտնվող համայնքների համար հատուկ կարգավիճակ, որը թույլ կտա բարձրացնել այդ համայնքների բնակչության անվտանգության մակարդակը, բարձրացնել սոցիալ-տնտեսական մակարդակը, ապահովել նրանց ռադիոակտիվ վտանգների դեպքում նախատեսված անհրաժեշտ պաշտպանության միջոցներով:
  • Քաղաքացիական հասարակությանը ներգրավվել СЕРА-ի պայմանագրի համաձայն ՀԱԷԿ-ի փակման ճանապարհային քարտեզի իրականացման մոնիթորինգային աշխատանքներում:

Հաշվի առնելով պետության դերը ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման գործում, ՀԱԷԿ-ի շահագործման և դրանից հետո փուլերում, հաշվի առնելով Հայաստանի ատոմային էներգետիկայի կախվածությունը միջուկային վառելիքի մատակարարումից, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի թաղման խնդիրները, հաշվի առնելով համաշխարհային միտումները՝ առաջարկում ենք վերանայել Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարությունը՝  սահմանելով վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը և նոր տեխնոլոգիաների օգտագործումը որպես առաջնահերթ ուղղություն: Ատոմային էներգետիկան առանձնացնել առանձին բլոկում, և մշակել ատոմային էներգետիկայի նոր քաղաքականություն՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, մարդկանց անվտանգության ապահովումը, ներդրումային ծրագրերը և անցկացնել կլոր սեղաններ անկախ փորձագետների, շահագրգիռ հասարակության ազդակիր համայնքների մասնակցությամբ:

13:57 Սեպտեմբեր 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news