Հայտնի է, թե հանքարդյունաբերական և էներգետիկ որ ընկերություններում 2018 թ-ին տեսչությունը ստուգումներ կանցկացնի

Հայտնի է, թե հանքարդյունաբերական և էներգետիկ որ ընկերություններում 2018 թ-ին տեսչությունը ստուգումներ կանցկացնի

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թ-ի ընթացքում նախատեսում է իրականացնել 250 ստուգում, որոնցից 175-ը` բարձր ռիսկայնությամբ, 62-ը` միջին ռիսկայնությամբ, 13-ը` ցածր ռիսկայնությամբ տնտեսվարող սուբյեկտներում:

Տեսչական մարմինը 2018թ. ստուգումների ծրագրում ներառել է մետաղական հանքավայրեր շահագործող խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների, էներգետիկ և հիդրոէներգետիկ կառույցների:

Ստուգումներ կանցկացվեն ռուսական «GeoProMining Gold»-ի կազմի մեջ մտնող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, որը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքավայրը: Տեսչական մարմնի տվյալների համաձայն` այս ընկերությունում վերջին ստուգումն իրականացվել է 2016-ի տարեսկզբին: Ստուգում կանցկացվի ռուսական «Polymetal» խմբի մեջ մտնող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում, որը շահագործում է Շահումյանի բազմամետաղային հանքավայրը: Այստեղ ևս վերջին ստուգումն իրականացվել է 2016 թ-ի տարեսկզբին: Ստուգում կիրականացվի Հայաստանի ամենամեծ հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, որտեղ վերջին ստուգումն անցկացվել է մեկ տարի առաջ: Ցուցակում են Շամլուղի հանքը շահագործող «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն: Վերջինում հանքի շահագործման մերկնարկից` 2015 թ-ից ի վեր ստուգում չի անցկացվել: Հանքարդյունաբերական ընկերություններից այս տարվա ստուգումների ծրագրում են նաև «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը և «Արմենիան տիտանիում փրոդաքշն»-ը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն:

Հիդրոէներգետիկայի ոլորտից տեսչության իրականացվելիք այցելությունների ցուցակում են փոքր ՀԷԿ-եր շահագործող 10 ընկերություն. «Ամբերդ ՀԷԿ», «ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԷԿ», «Լեռնապատի Կանթեղ», «Հոսք», «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ», «Ապահով տանիք», «Սուրբ Աղբյուր», «ԳոշՀԷԿ», «Ֆիրմա ԳԱԽ», «ԱՐԵՆԻ ՀԷԿ» ընկերությունները: Ցուցակում է «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ն, սակայն այս ընկերության սեփականության մեջ մտնող 7 ՀԷԿ-երից տեսչությունը կայցելի միայն մեկը` Արգելի ՀԷԿ-ը:

Վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ տեսչական ստուգման կենթարկվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն: Ցուցակում են նաև «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)»-ը «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ»-ը:

15:01 Հունվար 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news