Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի. ԵՄ պաշտոնյա

Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի. ԵՄ պաշտոնյա

ԷկոԼուր

«Մենք հավատացած ենք, որ հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»: Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:

ԵՄ պաշտոնյան այս հայտարարությունն արել է հունվարի 30-ին` Երևանում մեկնարկած էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

«Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը: Դա պետք է հաշվի առնել։ Ներկայումս Հայաստանի հետ ԵՄ-ն աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ…Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո Եվրոպական միությունում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր անցկացրեցինք, այդպիսին նաև Հայաստանն իրականացրեց, և այժմ կարևոր է այդ սթրես-թեսթերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն, անել այն, ինչ հնարավոր է իրականացնել այս ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- ասել է ԵՄ պաշտոնյան:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվեց 2017թ-ի նոյեմբերի 24-ին, նախատեսված է. «Մեծամորի ատոմային էլեկտրակայանիփակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը»:

Այս կապակցությամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը էներգետիկայի, տրանսպորտի,շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է. «Բանակցություններն արդեն ավարտվել են: Բանակցությունների արդյունքն արդեն հստակ ձևակերպված է համաձայնագրի մեջ, որը ստորագրվել է նոյեմբերին, որտեղ խոսվում է, որ Հայաստանը պետք է ներկայացնի ներկա գործող բլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ: Սա է այնտեղ ֆիքսած: Կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլիուզիա չկար, որ մեր գործող բլոկը պետք է ընդմիշտ աշխատեր: Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել և շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների վրա: 300 միլիոն դոլար արժողությամբ երկարացման ծրագրից մեծ մասը` ներդրումների, գնում են անվտանգության ստանդարտների բարձրացման վրա: Եվ երկարացումը նախատեսվում է 10 տարի, որից հետո նախատեսվում է ապագործարկում»:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացել է 2016թ-ին: Սակայն Հայաստանի Հանարապետությունը որոշեց 10 տարով երկարաձգել ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը` հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը: Այդ նպատակի համար Հայաստանը Ռուսաստանից ստացավ 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում 2017 թ-ի նոյեմբերին «Սիլովիյե մաշինի» ընկերությունը Հայաստան ուղարկեց 236 մՎտ հզորությամբ 2 տուրբոգեներատորներից առաջինը: Իսկ 2017 թ-ի դեկտեմբերին «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը տեղ հասցրեց ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի համար նախատեսված երկրորդ բլոկային տրանսֆորմատորը:

19:30 Հունվար 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news