ԷկոԼուր
Հայկական ատոմակայանի մոտ չպետք է անապատ լինի:
«ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը եղավ Արմավիրի մարզում`ատոմակայանի շրջակա տարածքում: ՀԱԷԿ-ից ոչ հեռու Այգեգործական ընկերության այգիներն են: Նախկինում այդ տարածքներին ուշադրություն է դարձվել, ղեկավարությունը կարծում էր, որ ՀԱԷԿ-ի նման օբյեկտը պետք է կանաչ գոտի ունենա լավ զարգացած ենթակառուցվածքով, ջրամատակարարման համակարգով: Այս ամենը մտնում էր ՀԱԷԿ-ի անվտանգության ընդհանուր համակարգի մեջ: Բայց հիմա այդ ամենը մոռացության է տրվել:
ՀԱԷԿ-ը շրջապատված է նախազգուշացման նշաններով եւ հսկողության կետերով: Այն ինչ կատարվում է այդ կետերից դուրս, ՀԱԷԿ-ի կառավարման ներքո չէ: Այդպես չորացավ եւ կանաչ վահանը` ՀԱԷԿ-ի մոտի այգիները: 380 հա այգիների փոխարեն մնացին փոքր տարածքներ, որոնք մշակում են բնակիչները եւ ափսոսում այդ այգիներում տասնյակ տարիներ կատարած իրենց աշխատանքի համար:
«Աղուտ հող է սա վերին աստիճանի: Ինչ տանջանքով ենք այստեղ բույս աճեցնում, Աստված գիտի, Մեկը քերելով, մեկը լվալով, մեկը սոդայով, շատ դժվարությամբ: 1927 թվին ջրանցք գցեցին, որպեսզի այս տարածքը Մայիսյանը մշակի: Այդ կոպեկները գնաց, կորավ, չկարողացավ մշակել, չեղավ, ոչ մի բան չկարացան: Լքվեց այս տարածքը: Այս հողը անալիզի ենթարկված չէ, բայց գնահատված է յուրաքանչյուր քառակուսի մետրը` 1914 դրամ: Բայց այս հողը 100 դրամ էլ չարժի, մի դրամ էլ տան, էլի չեմ առնի: Ուրեմն երեսից բուլդուզերով քերել, տարել են աղուտ մասը, բերել հող են լցրել մեկը Ապարանից, մեկը Դիլիջանից, տարբեր տեղերից, հիմա մշակելուց հետո նորից աղը դուրս է տալիս: … Առանց այդ էլ ատոմկայանի շրջապատում ծառ, ծառատունկ չկա, բացարձակ կերպով բարձիթողի վիճակում է այդ տարածքը: Անտառաշերտ գոյություն չունի, գոնե թթվածին տան: Չէ որ վտանգավոր օբյեկտ է այսպես թե այնպես: Ոռոգման հարցը չկարողացան լուծել: Տնկում արեցին, իմիջիայլոց, անտառաշերտերն արեցին, բայց ջուր չլինելու պատճառով…380 հա մենակ մրգատու այգի էր, 100 հա-ն էլ դեկորատիվ ծառեր էին, բոլորը չորացան»,- պատմեցին Այգեգործական ընկերության անդամները:
Հողերի աղակալումը հատկապես տարածված է Արարատյան դաշտավայրում` Արարատի եւ Արմավիրի մարզերում: Այս մարզերի հողատարածքները հատում են Արաքս գետի ձախափնյա հովիտները, որտեղ գարնան վարարումների ընթացքում գրունտային ջրերը բարձրանում են եւ գերխոնավեցնում հողը, ապա գոլորշիանալով, թողնում են աղը հողի մեջ: Այստեղ շուրջ 35 000 հա գյուղատնտեսական նշանակության հող դուրս է եկել շահագործումից աղակալման հետեւանքով: Աղակալման դեմ պայքարելու համար ժամանակին կառուցվել է արհեստական ջրանցքերի` դրենաժային համակարգ, որը հեռացրել է ավելոդ ջրերը: Սակայն ներկայումս դրենաժները չեն գործում, եւ հողերը ենթարկվում են կրկնակի աղակալման:
Հունիս 27, 2012 at 14:51