ԷկոԼուր
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի այցը Հայաստան վերջակետ դրեց նոր ՀԱԷԿ-ի մասին իրարամերժ ասեկոսեներին: Ինչպես ենթադրվում էր, հենց Ռուսաստանն է ՀՀ կառավարության գլխավոր գործընկերը նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում: Ռուսական կողմը հստակեցրեց կառուցման ժամկետները, սարքավորումների ներկրողներին, իր մասնակցության բաժինը եւ հայկական կողմի պատասխանատվությունը ատոմակայանի անվտանգության համար:
Ստորեւ կարդացեք մամուլում հրապարակված` թեմային առնչվող նյութեր:
«Ռոսատոմ»-ի ղեկավարն անհրաժեշտ չի համարում Ռուսաստանի մասնակցությունը Հայկական ԱԷԿ-ի կառավարման գործում
ԱՌԿԱ
«Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն դրական է գնահատում Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությանն ուղղված աշխատանքները եւ օբյեկտի կառավարման գործում Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտությունը չի տեսնում:
«Ես այսօր (երեքշաբթի) եղա Մեծամորի հայկական ատոմային էլեկտրակայանում եւ տեսա նրա աշխատանքը: Պետք է ասեմ, որ այնտեղ աշխատում է շատ պրոֆեսիոնալ անձնակազմ: Ես դրական եմ գնահատում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքը: Չեմ տեսնում ԱԷԿ-ի կառավարման հարցում Ռուսաստանի մասնակացության անհրաժեշտությունը»,- Երեւանում լրագրողներին ասաց Կիրիենկոն, տեղեկացնում է «ՌԻԱՆովոստի»-ն:
Ռուսական « Интер РАО ЕЭС» էներգոհոլդինգը 2012թ. հունվարից դադարեցրել է Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը: Ֆինանսական հոսքերի կառավարումը « Интер РАО»-ին էր տրվել 2003թ.:
«Ռոսատոմ»-ի ղեկավարի տեղեկատվության համաձայն` հայկական եւ ռուսական կողմերը վաղուց են պայմանավորվել, որ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի վրա կլինեն ռուսական տեխնոլոգիաներ:
«Մենք հնարել ենք 3+ բլոկեր, որոնք Եվրամիության պահանջներին համապատասխան որակավորում են անցել: Ժամանակակից ռուսական բլոկերը միակն են աշխարհում, որ համապատասխանում են, այսպես կոչված, անվտանգության «ֆուկուսիմյան» պահանջներին: Ընդ որում, մեզ մոտ նման նախագծեր գոյություն ունեն ոչ թղթի վրա, թղթի վրա այդպիսի նախագծեր շատերի մոտ կան, իսկ մեզ մոտ դրանք արդեն կառուցված են»,- ասաց Կիրիենկոն:
Նա նշեց, որ ԱԷԿ-ի կառուցման համար արդեն ստեղծվել է համատեղ ռուս-հայկական ընկերություն` «Մեծամոր-ԻնտերՌԱՕ»:
««Ռոսատոմ»-ը ռուս-հայկական «Մեծամոր-ԻնտերՌԱՕ» ընկերության բաժնետեր է, որը պետք է իրականացնի Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը ռուսական արտադրության ВВЭР-1200 ռեակտորով»,- ասաց «Ռոսատոմ»-ի ղեկավարը:
«Ընկերությունը պետք է ապահովի այդ բլոկի կառուցումը եւ նրա գործարկումն այն ժամանակ, երբ շահագործումից դուրս կբերվի ՀԱԷԿ-ի ներկայումս գործող երկու էներգաբլոկներից մեկը` ВВЭР – 440 ռեակտորով»,- հավելեց Կիրիենկոն:
«Ռոսատոմ»-ի ղեկավարն ասաց, որ այժմ ձեւավորվում է նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսական մոդելը:
«Հիմնական ներդրումները, կարծում եմ, կլինեն Հայաստանի կառավարության կողմից, բայց մենք դիտարկում ենք, իհարկե, նաեւ Ռուսաստանի մասնակցությունը: Ես արդեն ասացի, որ ռուսական կողմի մասնակցությունը կկազմի 20-25%, բայց մենք կարող ենք քննարկել ավելի մեծ թիվ: Ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը պետք է ունենա 50 եւ գումարած 1 տոկոս բաժնետոմս: Բայց այս ամենը պետք է քննարկվի»,- ասաց Կիրիենկոն:
Նա նշեց, որ նոր էներգաբլոկը պետք է կառուցվի մինչեւ 2020թ, այնպես որ բավականաչափ ժամանակ կա:
«Ես կարծում եմ, որ այս տարի կարելի է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքներն առաջին հերթին սեյսմիկակայուն հարթակի գծով, որի վրա պետք է տեղակայվի էներգաբլոկը: Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը շատ բարեխղճորեն է մոտենում այդ հարցին»,- եզրափակեց Կիրիենկոն:
Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում, տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երեւանից մոտ 30կմ դեպի հարավ):
Հայաստանի իշխանությունները պատրաստվում են գործող ՀԱԷԿ-ի փոխարեն կառուցել գործնականում նոր կայան: Դեռ խոսքը միայն մեկ 1000 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի կառուցման մասին է: Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով` նախագծի արժեքը կարող է կազմել մոտավորապես 5 միլիարդ դոլլար:
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին
www.president.am
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը:
Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաև Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաև նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը: «Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ Եվրամիության, և՛ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար: Սա շատ ճիշտ մոտեցում է և՛ գործող կայանի աշխատանքի, և՛ նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, և՛ նոր շինարարության տեսանկյունից»,-ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Փետրվար 08, 2012 at 16:39