ԷկոԼուր
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 11-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, 2017թ-ի նոյեմբերի 24-ին` Բրյուսելում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Համաձայնագրի 42-րդ հոդվածն անդրադառնում է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) փակմանը:
«Համագործակցությունը պետք է ընդգրկի, inter alia, հետեւյալ ոլորտները՝… հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները եւ կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով այսուհետ դիտարկվելիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները և Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաեւ՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը։ Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի՝
(i) ապահովության, անվտանգության եւ թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը եւ վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով,
(ii) Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով
նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»:
Համաձայնագրի վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հարց ուղղեց օրինագիծը ներկայացրած ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին հայկական ատոմակայանի վերաբերյալ. «Մենք ի՞նչ պարտավորություններ ենք ունենալու մեր ատոմակայանի մասով, եթե մենք վավերացնենք այս համաձայնագիրը»:
Ի պատասխան Կարեն Նազարյանն մասնավորապես ասաց. « Էներգետիկայի բնագավառում մենք Եվրամիության հետ պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքի հիման վրա: Եւ այդ համագործակցությունը պետք է ընդգրկի ի թիվս այլ հարցերի նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը: Այսինքն, խոսքը գնում է այստեղ ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման, այլ ոչ թե փակման մասին: Երկրորդը, կողմերը պայմանավորվել են, ըստ այս Համաձայնագրի, միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցելիս, հաշվի առնել Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները, այդ թվում նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստանդարտները, նաև Եվրամիության փորձը: Համաձայանագրի շուրջ բանակցությունների ընթացքում կողմերի մոտեցման հիմքում ընկած է այն իրողությունը, որ երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել հենց նույն երաշխավորված հզորությունը: Ընդորում, ատոմակայանը փոխարինել նոր բլոկով դա ոչ թե մեր ցանկությունն է, ըստ էության, այլ Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարության փաստաթղթի հիմնական պահանջը: Համաձայնագրի 42-րդ հոդվածում նշվում է նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման պայմանների ապահովման հարցերի մասին: Սա է ընկած Համաձայնագրի հիմքում և ոչ թե Համաձայնագրի ստորագրումից կամ վավերացումից հետո ատոմակայանի փակումը: Համաձայնագրում այդպիսի որևէ ձևակերպում չկա»:
Միքայել Մելքումյանն արձգանքեց. «Այսինքն, մենք կարող ենք արձանագրել, որ ընդամենը կազմվելու է ժամանակացույց ապագործարկման մասին: Շատ կարևոր է լինելու, որպեսզի այդ ժամանակացույցը լինի ողջամիտ ժամկետներով և հաշվի առնի այն փաստը և ռեալ հնարավրությունը, որ մենք այդ ընթացքում կարող ենք գործարկել նոր ռեակտոր, նոր կարողություն, բայց սա պետք է լինի երաշխավորված: Այսինքն, այնպես չստացվի, որ մենք վերջին մի 6-7 տարում պրոբլեմ ունենք, այսինքն մենք պետք է նոր ատոմակայան ունենայինք, բայց հիմա մենք գնացել ենք ռեսուրսի երկարացման: Վստահ պետք է լինենք, որ մենք այս ժամանակացույցը կազմելիս, չի կարող ապագործարկումն ավելի շուտ տեղի ունենալ, քան նոր ռեակտորի գործարկումը»:
Ապրիլ 13, 2018 at 16:38