Անհրաժեշտ է Հայաստանում մշակել ատոմային էներգետիկայի անվտանգության հայեցակարգ և ռազմավարություն

Անհրաժեշտ է Հայաստանում մշակել ատոմային էներգետիկայի անվտանգության հայեցակարգ և ռազմավարություն

ԷկոԼուր

Հայաստանում անհրաժեշտ է հաստատել միջուկային էներգետիկայի անվտանգության հայեցակարգ և ռազմավարություն: Այս առաջարկությանը կողմ հանդես եկան «Ատոմային էներգետիկան Հայաստանում. ռիսկեր, պատասխանատվություն և անվտանգություն» կլոր սեղանի բոլոր մասնակիցները:

Քննարկմանը մասնակցեցին «Հույսի Մեծամոր» ՀԿ-ի տնօրեն Մարգարիտա Սեդրակյանը, «Արմավիրի տարածքային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը, Արմավիրի մամուլի ակումբի տնօրեն Անժելա Ստեփանյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, փորձագետ Էմիլ Սահակյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Կարապետյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը, ԷկոԼուրի թիմը` Ինգա Զարաֆյանը, Մոնիկա Երիցյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Հակոբ Գևորգյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց ԷկոԼուրի կողմից պատրաստված «Ատոմային էներգետիկան Հայաստանում. ռիսկեր, պատասխանատվություն և անվտանգություն» ուսումնասիրությունը: Ուսումնասիրության հիմքում դրված են Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) և նրա հետ կապված անվտանգության, շահագործման և աշխատած միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների թաղման, հարակից ենթակառուցվածքների անվտանգության, ինչպես նաև անվտանգության միջոցառումների ապահովման պատասխանատվության հարցերը: Աշխատանքը տեղադրված է www.ecolur.org կայքում (http://ecolur.org/files/uploads/pdf/ANPP,%20EcoLur10112017/briefpolicyarmnew1.pdf):

«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Կարապետյանի կարծիքով` ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները չի կարելի պահել Հայաստանի տարածքում` հաշվի առնելով երկրի փոքր տարածքը և խիտ բնակեցվածությունը: Ըստ Հովհաննես Կարապետյանի` ՀԱԷԿ-ը պետք է շահագործվի, բայց շահագործվի գրագետ: «Ատոմակայանը մեզ համար ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող կառույցներից մեկ է: Եթե անցնենք արևային էներգիայի, մեր համակարգը ցնցումային է լինելու: Այդ դեպքում ցերեկային սակագինը կարող է դառնալ 100 դրամ` 44.98 դրամի փոխարեն, որովհետև արևային էներգիան շատ ավելի թանկ է: Մենք չպետք է մեր էներգետիկ համակարգը բերենք ցնցումների, այդ դեպքում երկրի տնտեսական վիճակը շատ ավելի վատ կլինի: Ես կողմ եմ, որ, բոլոր ռիսկերը հաշվի առնելով, ատոմակայանը շահագործվի անվտանգ կերպով», - ասաց Հովհաննես Կարապետյանը:

Փորձագետ Էմիլ Սահակյանը կտրականապես դեմ է Հայաստանում ատոմակայանի շահագործմանը: «Հայաստանում էլեկտրաէներգիայի ներքին սպառումը կազմում է 6.2 միլիորդ կիլովատ ժամ, որից 1.8 միլիարդը այլ կարիքների համար է: Զարգացած երկրներում այլ նպատակների համար էլեկտրաէներգիայի ծախսը կազում է 5 տոկոս, իսկ Հայաստանում` 30 տոկոս: Երբ կորոշվի, որ ատոմակայանը պիտի փակվի, այդ օրը պետք է մտածենք, թե այն ինչով փոխարինենք: Երբ եղավ Չեռնոբիլի վթարը, Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը միասին կորցրեցին 120.000 քառակուսի կիլոմետր տարածք: Եթե ատոմակայանում վթար լինի, մենք հայրենիք կկորցնենք: Ես կտրականապես դեմ եմ ատոմակայանի գոյությանը Հայաստանում: Ատոմակայանը կտրուկ փակել չի կարելի: Դրան պետք է պատրաստվել», - ասաց Էմիլ Սահակյանը:

Էմիլ Սահակյանը խոսեց նաև արտանետումների մասին: «Ատոմակայանի արտանետումների 70 տոկոսը լինում է վերանորոգումների ընթացքում, որոնք մեզ մոտ կատարվում են աշնան շեմին: Ատոմակայանի օդափոխության խողովակի բարձրությունը 150 մետր է և դրա հարակից տարածքին հարիր քամիների փունջ գոյություն չունի: Թե ուր է գնում այդ 70 տոկոսը, ոչ ոք չգիտի», - ասաց փորձագետը:

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը նշեց, որ առանց ատոմակայանի գոյության Հայաստանը չի կարող կատարել իր պարտավորությունները, որոնք ստանձնել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացի շրջանակներում: «Բազմակողմանի վերլուծությունները փաստում են, որ այդ պարտավորությունները չեն կարող կատարվել առանց ատոմակայանի գոյության: Էներգետիկ անվտանգությունը նաև չի կարող ապահովվել առանց ատոմակայանի: Ատոմակայանի և ատոմային էներգետիկայի հեռանկարը պետք է դիտարկել ոչ միայն ընդհանուր էներգետիկայի շրջանակում, այլ ամբողջ Հայաստանի տնտեսական հեռանկարային զարգացման համատեքստում: Հայաստանում այդպիսի բազմասեկտորալ մոտեցում չկա և մենք պետք է այդ առաջարկությունը տանք», - ասաց Ամալյա Համբարձումյանը:

«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանի կարծիքով` շատ կարևոր է ՀԱԷԿ-ի ազդակիր համայնքների սահմանման հարցը. «Ազդակիր համայնք դառնալը ինքնանպատակ չէ, դա իրավունքի խնդիր է, պետք է կարգավիճակ ստանալ, որպեսզի հետագայում հնարավոր լինի իրավունքները պաշտպանել, հատուցել ատոմակայանի շահագործման հետևանքով մարդկանց կրած վնասների դիմաց»:

«Ատոմակայանը որպես էներգետիկայի աղբյուր կարևորագոււյն թիրախ հաստատություններից մեկն է: Մենք պետք է այնպես անենք, որ դրա շահագործումը լինի ճիշտ, իսկ ինֆորմացիան քաղաքացիական հասարակության համար հասանելի», - նշեց «Արմավիրի տարածքային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը:

«Հույսի Մեծամոր» ՀԿ-ի տնօրեն Մարգարիտա Սեդրակյանը նշեց, որ պետությունը պետք է ուշադրություն դարձնի ազդակիր համայնքներում քաղցկեղածին հիվանդությունների վրա և հետազոտություններ անցկացնի:

«Ես ևս կողմ եմ, որ ատոմակայանը գրագետ շահագործվի: Բայց պետք է մոնիթորինգ իրականացվի` ինչի է հանգեցնում ատոմակայանը: Կարելի է նաև հանրային կարծիքի ուսումնասիրություն իրականացնել ազդակիր բնակչության շրջանում, հասկանալու համար ինչպես են գնահատում ատոմակայանի դերը», - ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը:
Կլոր սեղանի մասնակիցները հավանություն տվեցին «Ատոմային էներգետիկան Հայաստանում. ռիսկեր, պատասխանատվություն և անվտանգություն» ուսումնասիրության մեջ ներկայացված անվտանգության վերաբերյալ առաջարկություններին: Որոշվեց մշակել և ՀՀ կառավարությանը ներկայացնել ատոմային էներգետիկայի անվտանգության վերաբերյալ հայեցակարգ և ռազմավարություն:

16:21 Դեկտեմբեր 27, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news