ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ

ԷկոԼուր

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։ Ներկայումս դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

«Առաջին փուլում իրականացվել են ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի եւ բաղադրիչների հետազոտություններ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մշակվել է 97 տեխնիկական առաջադրանք։ Սահմանված կարգով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդը հավանություն է տվել 26 մրցութային փաթեթի: ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանն են ներկայացվել կողմերի լիազորված կազմակերպությունների միջև կնքված չորս  համաձայնագրեր», - նշված է նախարարության պաշտոնական կայքում։  

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը։ Այդ ընթացքում նախատեսվում է ձեռք բերել և տեղադրել նոր սարքավորումներ, ինչպես նաև կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ։ Միաժամանակ կիրականացվեն մի շարք կարևոր միջոցառումներ՝ նախագծային և շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ 2016թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում է կատարել նաև ռեակտորային տեղակայանքի սարքավորումների և խողովակագծի գործիքային զննում, որը հնարավոր չէ իրականացնել կայանի աշխատանքի ընթացքում:

16:11 Օգոստոս 11, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news