Ուրանի խնդիրը նորից օրակարգում է. ուրան որոնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ավելացրել է կանոնադրական կապիտալը

Ուրանի խնդիրը նորից օրակարգում է. ուրան որոնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ավելացրել է կանոնադրական կապիտալը

ԷկոԼուր

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ավելացրել է իր   կանոնադրական կապիտալը` սույն թվականի օգոստոսի 14-ին ընդունված ՀՀ կառավարության  845 – Ա որոշման համաձայն:

««Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 01.01.2014թ. դրությամբ կազմել է 989.501.400 դրամ: Ընկերության հետագա ֆինանսավորումը (ունեցած պարտավորությունների մարումը) ապահովելու համար «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ն  (Ռուսաստանի Դաշնություն) շուրջ 95.295.600 դրամ գումարի չափով ներդրում է կատարել ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ հայկական կողմը նույն գումարի չափով ներդրել է երկրաբանական տեղեկատվություն»,- նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Այս ընկերությանն է պատկանում Հայաստանում ուրանի պաշարների հետախուզման և արդյունահնման մենաշնորհային իրավունքը: Ընկերության բաժնետոմսերի 50%-ը, որի կառավարման լիազորությունները վերապահված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մյուս 50%-ը պատկանում է ՌԴ «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ին:

Կազմակերպությունը Հայաստանում զբաղվում է ուրանի պաշարների որոնմամբ, եւ նրան մենաշնորհային իրավունք է տրված որոնողական եւ հետախուզական աշխատանքներ իրականացնել առանց սահմանափակման եւ առանց տարածքների կոնկրետացման:  Ուրանի պաշարների առաջին որոնողական աշխատանքներն անցկացվեցին 2010-2012թթ. Լեռնաձորում` Քաջարանից 2 կմ հեռավորության վրա: Դա առաջացրեց տեղի բնակչության եւ լայն հասարակայնության բողոքը, ինչից հետո հետազոտությունները դադարեցվեցին: ԷկոԼուրի` 2011թ-ի կանխատեսումներով ընկերությունը պետք է ակտիվանա 2015թ-ին, երբ կավարտվի նրա` որոնողահետախուզական աշխատանքների լիցենզիայի ժամկետը:  



12:53 Հոկտեմբեր 01, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news