ԷկոԼուր
Սույն թվականի նոյեմբերի 28-ին գործադիրը հավանություն տվեց «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է սահմանել միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ իրազեկման և տեղեկատվության փոխանակման պայմանները, ինչպես նաև պարզեցնել փրկարարական կազմավորումների, սարքավորումների, փոխադրամիջոցների տեղափոխման, վթարից տուժածներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու և դեղորայք տրամադրելու գործընթացները:
Նշվում է, որ այն թույլ կտա ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2018 թ-ի նոյեմբերի 2-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում (ներկայում՝ Նուրսուլթան):
Նշենք, որ ԷկոԼուրը ուսումնասիրություն է իրականացրել Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտում՝ ՀԱԷԿ-ից 5-10 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիրի 12 համայնքներում և պարզել.
• ՀԱԷԿ-ի ազդակիր գոտու համայնքների բնակիչների անվտանգությունն ապահովված չէ ճառագայթային վթարների դեպքում։
• Բնակիչների իմացությունը ճառագայթման և էկոլոգիական անվտանգությանը ներկայացվող պահանջներին մակերեսային է, հաճախ հակասական, նույնիսկ տրամագծորեն հակառակ անվտանգության պահանջներին։
• ՀՀ կառավարության ատոմային էներգետիկայի որդեգրած նոր քաղաքականության մասին տեղյակ չէին հարցվածների գերակշիռ մասը՝ 95%-ը։
• Չկա փոխհամագործակցություն ՀԱԷԿ-ի և ազդեցության գոտու համայնքների միջև։ Հանրությունը ներգրավված չէ ՀԱԷԿ-ի ծրագրերի, կայանի հետագա վերազինման, ոլորտում որոշումների կայացման գործընթացներում, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու ուսումնասիրված համայնքներում ոչ մի նմանատիպ քննարկում չի կայացել։
• ՀԱԷԿ-ը և կառավարությունը համայնքների համար սոցիալական ծրագրեր չունեն և նրանց չեն աջակցում:
• Տեղի բնակչությունը տեղեկատվություն չունի ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում օդի, ջրի, հողերի աղտոտվածության վերաբերյալ իրականացվող մոնիթորինգի, ինչպես նաև արտադրվող գյուղմթերքների որակական կազմի անալիզների կատարման, դրանց ընթացքի և վերջնական արդյունքների մասին։ Եթե նույնիսկ կատարվում են անալիզներ, միևնույն է, բնակչությունը տեղեկացված չէ այդ մասին:
• Հնարավոր ճառագայթման վտանգի մասին բնակիչներն ունեն անբավարար իմացություն, դրան կանխարգելման և հակազդման համար բացակայում են համապատասխան միջոցները։
• Համայնքների բուժսպասարկման կետերում և բնակիչների շրջանում բացակայում են վահանաձև գեղձի արգելափակման համար նախատեսված կայուն յոդի պատրաստուկները։
• Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցներ՝ զտող հակագազեր, շնչադիմակներ չուներ հարցված բնակիչների 100%-ը։
• Ազգային պլանով նախատեսված ապաստարաններ, թաքստոցներ և այլ պաշտպանական կառույցներ համայնքներում չկան։ Որպես ժամանակավոր թաքստոց նախատեսված նկուղները և սպորտդահլիճները չեն համապատասխանում ճառագայթային վտանգիներից պաշտպանվելու տարածքներին և շինություններին ներկայացվող տարրական պահանջներին։ Համայնքներում չկան բնակչության տարահանումն ուղղորդող պաստառներ, տարահանման պլաններ, բացակայում են վտանգի ազդարարման շչակները։
• Էլեկտրաէներգիայի սակագները ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու բնակիչների համար նույնն են, ինչպես ՀՀ մյուս շրջանների բոլոր քաղաքացիների համար։ Ազդակիր համայնքներում չի կիրառվում դոտացիայի մեխանիզմը։ Ջեռուցման նպատակով տեղացիների 70% -ն օգտագործում է վառելափայտ, քանի որ, ըստ հարցվածների, բարձր են էլեկտրաէներգիայի և գազի սակագները:
• ՀԱԷԿ-ն ընդգրկված չէ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» օրենքով ամրագրված կազմակերպությունների ցանկում։ Համայնքները չունեն «ազդակիր համայնք»-ի կարգավիճակ։ Համայնքների բնակիչները օրենքով զրկված են շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման համար ՀԱԷԿ-ի վճարած բնապահպանական հարկերից մասնահանում ստանալու հնարավորությունից։ Նրանք չեն կարող դատական կարգով վիճարկել նաև որևէ որոշում։
Նոյեմբեր 28, 2019 at 12:56