ՀԱԷԿ-ի հարևանությամբ ժամկետանց հակագազերով, առանց ապաստարանների. Գեղակերտի բնակիչների խնդիրները (Լուսանկարներ)

ՀԱԷԿ-ի հարևանությամբ ժամկետանց հակագազերով, առանց ապաստարանների. Գեղակերտի բնակիչների խնդիրները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

ՀԱԷԿ-ից ուղիղ գծով ընդամենը 5 կմ հեռավորության վրա գտնվող և շուրջ 3000 բնակիչ ունեցող Գեղակերտ համայնքը ճառագայթային վտանգի դեպքում հնարավորություն չի ունենա պատսպարել գյուղի բնակիչներին: Համայնքում չկան ապաստարաններ: Գյուղացիների մի մասն ունի նկուղներ, բայց դրանք չեն կարող ծառայել որպես հակաճառագայթային ապաստարան, քանի որ հերմետիկ չեն և ապահովված չեն մի քանի օր մնալու համար անհրաժեշտ մինիմալ պայմաններով: Համայնքի դպրոցում որպես ապաստարան են դիտարկում մարզադահլիճը, որը կիսանկուղային է և ունի մեծ պատուհաններ: Գյուղի տների մի մասն ընդհանրապես նկուղ չունի:

Խորհրդային Միությունից «նվեր» մնացած համայնքի միակ թաքստոցը

Գեղակերտի դպրոցի բակում կա գետնափոր մի շինություն, որը կառուցվել է դպրոցի շինարարությանը զուգահեռ՝ 1970-ական թվականներին: Մոտ 2 մ լայնություն, 9 մ երկարություն և 2 մ խորություն ունեցող այդ շինությունը դժվար է ապաստարան կոչել, առավել ևս որ դրա մուտքերը ներկայումս փակվել են, և անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ այնտեղ մտնել:

Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Արծվիկ Հովհաննիսյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ այնտեղ հազիվ կարող են 20 երեխա տեղավորել, մինչդեռ դպրոցում սովորում են 275-ը. «Բետոնից ապաստարան է: Չի գործում: Առաջին դասարանի երեխեքին չենք կարող տեղավորել: Հսկայական դպրոցի համար սա ինչպե՞ս կարող է ապաստարան ծառայել: Շատ վաղուց չի բացվել դուռը: Փակել ենք, որ երեխաները չփորձեն մտնել: Եղած-չեղած՝ մեզ համար մի հաշիվ է: Մի քիչ ապաստարան համարում ենք սպորտդահլիճը, բայց ապաստարանը չի կարող պատուհաններ ունենալ: Պետք է խորը լինի, լյուկեր ունենա, որ օդափոխության համար շնչած օդը դուրս գա»,- ասաց նա: Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը ցույց է տալիս դպրոցի արտաքին պատերի փլված քարերը՝ նշելով, թե դպրոցի շենքը վթարային վիճակում է. «Նորմալ ցեմենտ չկա, քարերը թափվում են»:

Միջուկային վտանգի դեպքում դպրոցի տարահանման պլան կոնսպեկտի համաձայն՝ պետք է ոտքով հասնել մինչև Էջմիածնի կամուրջի մոտակայք, որտեղից արդեն մեքենաները բնակչությանը կտեղափոխեն ավելի ապահով վայր՝ Շահումյան համայնք:

Համայնքի տարահանման պլան կամ միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ փակցված չեն համայնքի հասանելի վայրերում: Համայնքի ղեկավար Ցոլակ Հակոբյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ դրանք կան. գյուղապետարանում են փակցված: Ըստ համայնքապետի՝ ունեն նաև շչակ, անհրաժեշտության դեպքում կարող են ազդարարել վտանգի մասին:

Ժամկետանց հակագազեր՝ վտանգի դեպքում կիրառելու համար

Ճառագայթային վտանգի դեպքում համայնքի բնակիչների համար առաջին անհրաժեշտություն են հակագազերը, դնչկալները, յոդի հատուկ պատրաստուկները: Համայնքի բնակիչները ԷկոԼուրի հետ զրույցում ասացին, որ այդ ամենն իրենք չունեն, տանը պահվող դեղատուփերում առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն են միայն: Փոխարենը հակագազերով «հագեցած» է համայնքային դպրոցը: Ըստ ռազմագիտության ուսուցչի՝ թվով 100-ն ունեն, բայց թե որքանով են Խորհրդային Միությունից մնացած հակագազերը պիտանի վտանգից պաշտպանվելու առումով, դժվար է ասել: «Տնօրենը մի քանի տարի առաջ ասաց՝ դեն նետեմ, բայց թողել եմ: Եթե հերմետիկ փակված է մնում, օդի հետ չի շփվում, իր մեջ չի խոնավանում, 100 տարի էլ մնա, ոչ մի բան չի լինի: Մինչև զապասնոյ/պահեստային ռայոն հասնելը կբավականացնի»,- վստահեցրեց Արծվիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մի քանի տարի առաջ մոտ 30 հակագազ են ստացել, որոնք, համեմատաբար, նոր են, տարբերվում են իրենց կառուցվածքով, բայց ինչպես նա է ասում՝ որակական որևէ տարբերություն չկա:

Համ ճառագայթվում ենք, համ վճարում էլեկտրաէներգիայի համար...

Համայնքի ղեկավար Ցոլակ Հակոբյանն անընդունելի է համարում իրենց համայնքում էլեկտրաէներգիայի սակագնի համար դոտացիաների/սուբսիդավորման բացակայությունը. «Համ ճառագայթվում ենք, համ էլ՝ վճարում»,- նշեց նա:

Համայնքում ջեռուցման նպատակով թեև էլեկտրաէներգիա չեն օգտագործում, սակայն առանց այդ էլ քիչ չեն վճարում: Տաքանալու նպատակով հիմնականում օգտագործում են փայտ և գազ՝ 70/30 տոկոս հարաբերակցությամբ:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ բնակիչները միակարծիք են՝ դեմ են. «ՀԱԷԿ-ը հենց հիմա էլ փակեն, ճիշտ կանեն: Մի բուռ Արարատյան դաշտ ունենք, դրա կողքին է ՀԱԷԿ-ը կառուցված: Թող տանեն, ուր ուզում են կառուցեն, մեզ պետք չէ: Մենք ունենք ՀԷԿ-եր, հոսանքը կբավարարի»,- նշեցին բնակիչները:

Ջրի խնդիր

Գեղակերտի բնակիչները խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր ունեն: Համայնքում առավելապես զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, սակայն գյուղացիները մեծ մասամբ տուժում են ոռոգման ջրի սակավության հետևանքով: «Մեր բակում պապենական ջրհոր կա, մոտ 100 տարվա: Մեջը միշտ ջուր կար, բայց հիմա իջել է ջուրը: Ժամանակին մեր նկուղում մի 80 սմ չափով ջուր էր լցվում, չէինք օգտագործում: Ջրհորն այնքան էր բարձրանում, որ բաժակով հնարավոր էր խմել: Տներ կային՝ չէին կարողանում հողը մշակել. ջուրը բարձրանում էր, ճահիճ դառնում կամ ծառերի արմատներն էին փտում: 2011-2012 թթ. այս կողմ այդ ջուրը մոտավորապես 1.5 մ իջել է»,- պատմեցին բնակիչները, ովքեր խնդրի լուծման նպատակով պոմպեր են օգտագործում:

Գյուղապետի ներկայացմամբ՝ համայնքում ներկայում 17 արտեզյան հոր կա, որից գործում է 6-ը. «Կառավարություն հայտ ենք ներկայացրել, որ վերանորոգեն: Մի քանի օր առաջ եկան, խոստացան սարքել»: Հակոբյանի խոսքով՝ ոռոգման ջրի քանակը նվազել է մոտ 3 անգամ, ինչի արդյունքում համայնքային հողերի 360 հա-ից 80 հա-ն անմշակ է:

Մյուս կողմից գյուղում արդիական է խմելու ջրի խնդիրը. «Խմելու ջրի ցանցը գտնվում է վատ վիճակում: Օր չկա՝ վթարներ չլինի: Դիմել ենք «Վեոլիա ջուր»: Գալիս են, հետները բերում մեքենայի կամեռ ու մեկ մետր լար: Կամեռով փտած խողովակը փաթաթում, կապում են, անցնում է չորս օր՝ նորից պայթում է: Ամբողջ ցանցը փտած է»,- նշեց համայնքի ղեկավարը: Սրան զուգահեռ մի խնդիր էլ մթերքների իրացումն է: Ըստ բնակիչների՝ գնորդները, իմանալով մթերքի ծագման վայրը, հրաժարվում են այն գնել. «Իմանում են, որ ելակը, թութը այստեղից է, չեն առնում: Ասում են՝ ռադիացիա է»,- նշեցին բնակիչները:

15:10 Նոյեմբեր 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news