Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը

Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը

ԷկոԼուր

Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը սույն թվականի նոյեմբերի 1-ին՝ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի լսումների ժամանակ, հայտնել է, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ): Բացի միջին ակտիվության ԱՄՎ-ից ՀԱԷԿ-ը պահման և պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի: Ինչ վերաբերվում է միջին ակտիվության ԱՄՎ-ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչև 2036 թվականը լուծել այդ խնդիրը: Այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի: Այնուամենայնիվ, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ-ից ԱՄՎ՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ: Այս մասին տեղեկանում ենք «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը փոխադրվում էր Ռուսաստան երկաթուղու միջոցով հատուկ նախատեսված և կահավորված վագոնով: Հայաստանում երկաթուղիների շրջափակումից հետո աշխատած միջուկային վառելիքի փոխադրումը Ռուսաստան դադարեց: Ներկայումս աշխատած միջուկային վառելիքը և ռադիոակտիվ թափոնները ժամանակավորապես պահվում են ՀԱԷԿ-ի տարածքում: Այդ օբյեկտների տարողունակությունը սահմանափակ է: ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից ՌԴ տեղափոխելու հարցը Հանրապետությունում օրակարգային է։ Դեռ այս տարվա մարտին հայտարարվեց, որ նախատեսվում է աշխատած միջուկային վառելիքի՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման և հետագա վերամշակման պիլոտային ծրագրի իրականացում։ Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ տեխնիկատնտեսական և տրանսպորտատեխնոլոգիական սխեմայի ուսումնասիրություններ իրականացնելու համար։

Նոյեմբեր 19, 2019 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր