Հայ Ազգային Կոնգրեսը միացավ «S.O.S. Մեծ Այրում» քարոզարշավին

Հայ Ազգային Կոնգրեսը միացավ «S.O.S. Մեծ Այրում» քարոզարշավին

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովի Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանել է Մեծ Այրում համայնքի բնակիչների` Կոնգրեսի խմբակցությանն ուղարկված նամակին, տեղեկացնում է www.ilur.am կայքը:

Պատասխանում մասնավորապես, ասված է.

«Մեծ Այրում համայնքի հարգելի բնակիչներ,

Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ստացել է Ձեր համայնքի բնակիչների կողմից մեզ ուղղված նամակը Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի կառուցման հիմնախնդրի վերաբերյալ:

Նախ ասեմ, որ մենք մեծապես ոգևորված ենք այսպիսի մեծ քանակությամբ հավաքված ստորագրությունների փաստից՝ դա վկայում է, որ համայնքն անտարբեր չէ սեփական բարեկեցության և անվտանգության հարցում, ինչը վկայում է իր հողի վրա ապրելու և արարելու ցանկության մասին: Գործող հանցավոր ռեժիմի ստեղծած պայմաներում շատ մարդիկ հուսալքված պարզապես հեռանում են իրենց բնակավայրից՝ չցանկանալով նույնիսկ պայքարել: Դուք ընտրել եք ձեր հողին տեր կանգնելու ուղին՝ դրանով ոգևորելով թե՛ մեզ, և թե,՛ վստահաբար, այլ համայնքների բնակիչներին:

Այս ամենը հաշվի առնելով ձեզ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը իր պատգամավորական խմբակցության, տնտեսական և բնապահպանական հարցերով հանձնաժողովի և ոլորտի մասնագետների հետ միասին, հիմնովին ու մանրակրկիտ ուսումնասիրում է խնդիրը, իրավասու պետական մարմիններից պահանջել է տրամադրել տեղեկատվություն և կարճ ժամանակահատվածում ձեզ կրկին կիրազեկի կատարվելիք քայլերի մասին: Այդ քայլերը կարող են ներառել լայն շրջանակ՝ սկսած Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի և Շամլուղի հանքավայրի գործունեության օրինականության հարցերից, մինչև հողի կատեգորիայի փոփոխման օրենսդրական մեխանիզմների բարեփոխման հարցեր:

Հայտնում ենք նաև, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ, և 33.1-րդ հոդվածների համաձայն՝ համայնքի բնակիչների համար սահմանված իրավունքների շրջանակներում, համայնքի ղեկավարը և ավագանին պարտավոր են բնապահպանական, կենսամիջավայրի ծրագրվող փոփոխությունների և համայնքի կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցերում համայնքի բնակիչներին մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացին՝ նախքան որևէ տնտեսական նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի սկսվելը: Հետևապես, համայնքի ղեկավարության հետ ձեր հարաբերություններում կարող եք լիարժեք կերպով օգտվել օրենքով ամրագրված ձեր բոլոր իրավունքներից:                           

Մենք սատար ենք կանգնելու ձեր նախաձեռնությանը և միջոցներ ենք ձեռնարկելու ձեզ հետ միասին Մեծ Այրում համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի պաշտպանությունն ապահովելու, ստեղծված հիմնախնդրին լիարժեք լուծում գտնելու համար»: 

Հիշեցնենք, որ Մեծ Այրում համայնքի 195 բնակիչներ բաց նամակ են ուղղել ՀՀ վարչապետ  Հովիկ  Աբրահամյանին,  ՀՀ Ազգային  ժողովի  ՀՅԴ,  ՀՀԿ,  ԲՀԿ, ՕԵԿ,  ՀԱԿ,  Ժառանգություն  խմբակցություններին  եվ  բոլոր  պատգամավորներին, Ազգային  ժողովի  գյուղատնտեսական եւ բնապահպանական  հարցերով  մշտական  հանձնաժողովին,   ՀՀ  հանրային  խորհրդին,  ԵԱՀԿ  երեւանյան  գրասենյակի  դեսպան   Անդրեյ  Սորոկինին,           ՀՀ  բնապահպանության  նախարար  Արամայիս  Գրիգորյանին,   ՀՀ Լոռու  մարզի  Մեծ Այրում   համայնքի   ավագանու  անդամներին: Նամակում Մեծ Այրումի բնակիչները հայտնում են իրենց բողոքը նոր պոչամբարի կառուցման դեմ և պահանջում են դադարեցնել գործընթացը:

17:11 Ապրիլ 09, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news