Ռետինե փորձաքննությունը. «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը ՀՀ կառավարությանը կտրամադրվի հաջորդ շաբաթ

Ռետինե փորձաքննությունը. «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը ՀՀ կառավարությանը կտրամադրվի հաջորդ շաբաթ

ԷկոԼուր

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի շահագործման ազդեցության վերաբերյալ միջազգային «ELARD» փորձագիտական խմբի եզրակացությունը: Օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ հայերեն թարգմանված տարբերակը կառավարությանը կներկայացվի հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե փորձաքննությունը հրապարակման ենթակա է, Գրիգորյանը պատասխանեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն՝ փորձաքննության որոշումը կողմերին ծանոթացնելուց հետո հնարավոր կլինի հրապարակել այն:

Հայկ Գրիգորյանը նաև ներկայացրեց, որ փորձագիտական եզրակացության ձգձգման պատճառը փորձաքննության ընթացքում առաջ եկած հարցերն են, որոնց շուրջ նույնպես պետք է տրվեին պարզաբանումներ և իրականացվեր լրացուցիչ ուսումնասիրություն:

«Համալիր փորձաքննության շրջանակներում միջազգային փորձագիտական խմբի կողմից իրականացվել է ջրային ռեսուրսների, երկրաբանության,կենսաբազմազանության և օդի որակի վրա ազդեցության գնահատում, համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված թվով 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում: Մայիսի 15-ին փորձագիտական խմբի կողմից ներկայացված ընթացիկ հաշվետվության մեջ արձանագրվել է, որ որևէ փաստաթղթային բաց կամ պակասող տվյալներ չկան փորձաքննությունը լիարժեք կատարելու և մայիսի 31-ին նախնական եզրակցությունը ըստ պլանավորած ժամկետի ներկայացնելու համար: Փորձագիտական խմբի պահանջով «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տրամադրվել են «Գոլդեռ» ընկերության սեփականությունը հանդիսացող ջրային մոդելների վերաբերյալ շուրջ 112 ֆայլեր, որոնց ուսումնասիրման համար պահանջվել է լրացուցիչ ժամանակ: Սրա կապակցությամբ փորձագիտական խումբը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է, որ մայիսի 31-ին կներկայացնի մասնակի նախնական եզրակացություն, իսկ հունիսի 14-ին՝ թարմացված, ամբողջական նախնական եզրակացություն: Ընդհանուր առմամբ, ողջամիտ ժամկետներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է իրենց կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթուղթ: Այդ ամենը պետք է թարգմանվեր հայրենից-անգլերեն, անգլերենից-հայերեն»,- ներկայացրեց Քննչական կոմիտեի նախագահը:

Նա նշեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հունիսի 28-ին ներկայացրել է երկարաբանության և ջրային ռեսուրսների վերաբերյալ նախնական եզրակացության իր մեկնաբանություններն ու պարզաբանումները, որոնց հիման վրա փորձագետները ևս 12 լրացուցիչ հարցեր են առաջ քաշել:

«Հուլիսի 4-ին «Լիդիան Արմենիան» ներկայացրել է կենսաբազամզանության և օդի որակի վերաբերյալ նախնական եզրակացության իր պարզաբանումները: Այսընթացքում նախնական եզրակացության վերաբերյալ իրենց մեկնաբանություններն են ներկայացրել նաև վարույթն իրականացնող մարմինը և Շրջակա միջավայրի նախարարությունը: Այնուհետև փորձագետների խումբը հայտնել է, որ լրացուցիչ փաստաթղթերն ուսումնասիրելու կապակցությամբ եզրակացությունը տրամադրելու է հուլիսի 22-ին: Այն բաղկացած է եղել 128 թերթից և երկու հավելվածից: Վերջնական եզրակցությունը հավելված փաստաթղթերով օգոստոսի 6-ի դրությամբ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից ամբողջությամբ թարգմանված է հայերեն լեզվով, խմբագրված է, թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեին հատկացված 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել էր «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար։

 

15:41 Օգոստոս 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news