ԷկոԼուր
Հուլիսի 6-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կմեկնարկի ստուգումներն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի տարածքում: ԷկոԼուրի հետ զրույցում տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ստուգումները նախատեսված է անցկացնել 10-օրյա ժամկետում, սակայն անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել: Ստուգումներին կմիանա նաև տեսչական մարմնի ներքո ձևավորված Աշխատանքային խումբը: Դա կլինի այն ժամանակ, երբ կընդունվի աշխատանքային խմբի աշխատակարգը:
Աշխատանքային խումբը բաղկացած է մասնագիտական եզրակացություններ տրամադրող խմբից և այդ եզրակացությունները հիմնավորելու ու տեսչական աշխատանքների կազմակերպման հարցերում աջակցող խմբից:
Մասնագիտական եզրակացություններ տրամադրելու են ՀՀ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, մշակույթի, գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ԵՊՀ-ից երկրաբան Հարություն Մովսիսյանը, Երևանի ճարտարագիտական համալսարանից Արմեն Հովհաննիսյանը, իրավաբան Նազելի Վարդանյանը:
Աջակցող խմբում ներգրավված են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը, ազդակիր համայնքների բնակիչներ Միհրդատ Ներսիսյանը, Հասմիկ Սարգսյանը, Ահարոն Արսենյանը, Արմեն Վարդանյանը և Թեհմինե Ենոքյանը: Կլինեն նաև ներկայացուցիչներ «Լիդիան Արմենիա» ընկերությունից:
Ուսումնասիրվելու են շինարարական աշխատանքների գործընթացը, ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, դրան տրված փորձաքննական եզրակացության, պաշարների հաստատման գործընթացի, թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Ամուլսարից հետո տեսչական մարմինը հաջորդ ստուգումը կանցկացնի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում:
Հուլիս 04, 2018 at 12:52