Ախթալայի կոմբինատը 2017թ-ին արտահանել է արտադրածից ավելի շատ պղնձի խտանյութ ի հաշիվ ԶՊՄԿ-ից ձեռք բերած խտանյութի

Ախթալայի կոմբինատը 2017թ-ին արտահանել է արտադրածից ավելի շատ պղնձի խտանյութ ի հաշիվ ԶՊՄԿ-ից ձեռք բերած խտանյութի

ԷկոԼուր

Լոռու մարզի Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարվելիք բազային գումարի չափը 190 968 000 դրամ է: Այս գումարը նախատեսված է այն դեպքերի համար, որ կոմբինատի վճարունակ չլինելու, կամ իր կողմից հանքավայրի շահագործման արդյունքում խախտված հողերի չվերականգնման, պոչամբարների և դատարկ ապարների լցակույտերի չռեկուլտիվացման դեպքում պետությունն իրականացնի այդ միջոցառումները:

Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն ունի 3 պոչամբար, որոնցից ոչ պատշաճ մակարդակի ռեկուլտիվացվել է միայն 1-ը՝ «Նազիկ» պոչամբարը: Մյուս երկու պոչամբարներից գործում է Նահատակի պոչամբարը, որը լցված է և կարիք ունի ռեկուլտիվացման: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Հայաստանի առաջին զեկույցի համաձայն՝ 2016 և 2017 թվականներին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին չի վճարել հաշվարկված համապատասխանաբար 26 388 000 և 32 466 000 դրամ: Նշված է, որ ընկերության կողմից վճարումը 2016 և 2017-ի համարկատարվել է 2018-ին:

Շամլուղի հանքավայրի և պոչամբարների խիստ բացասական ազդեցության անմիջական կրողներն ազդակիր համայնքներն են՝ Լոռու մարզում Ախթալա, Շամլուղ քաղաքները, Ճոճկան, Մեծ Այրում գյուղերը, Տավուշի մարզում՝ Այրում քաղաքը, Արճիս, Դեղձավան, Դեբեդավան, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան, Բերդավան, Զորական գյուղերը: Այս համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված կոմբինատը չի ունեցել պարտավորություններ և 2016 և 2017 թվականներին համապատասխան հատկացումներ չի կատարել: 2016թ-ին կոմբինատը 2 865 562 դրամ հատկացրել է Ճոճկան գյուղի ջրագծի վերանորոգման և Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհի ձյունից մաքրման, իսկ 2017թ-ին՝ 1 247 210 դրամ կրկին նույն ճանապարհի ձյունից մաքրման և Այրում գյուղին

Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: 2018թ-ին, ըստ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը Ախթալա համայնքին որպես սոցիալական աջակցություն ամսական 5 միլիոն դրամ է հատկացրել Ախթալա խոշորացված համայնքի հետ կնքած պայմանագրի շրջանակներում, որի ժամկետը լրանում է 2019 թ. վերջին:

Կոմբինատի վճարած բնապահպանական վճարներն ուղղվել են հիմնականում փողոցների ասֆալտապատման և աղբահանության միջոցառումների իրականացման համար: Հաշվի առնելով ծանր մետաղներից հողի, ջրի մաքրման համար հսկայական գումարների անհրաժեշտությունը՝ համայնքները նման միջոցառումների համար ծրագրեր չեն ներկայացնում բնապահպանական վճարների փոքր լինելու պատճառով:

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը 2016թ-ին արտադրել է 3 031 088 625 ՀՀ դրամի 8 262 տոննա պղնձի խտանյութ, իսկ 2017թ-ին՝ 3 934 992 123 ՀՀ դրամ արժողությամբ 13 306 տոննա պղնձի խտանյութ:

Ուշագրավ է, որ կոմբինատը բացի իր արտադրած խտանյութից խտանյութ է ձեռք բերել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) և 2016թ-ին Բուլղարիա է արտահանել 8176 տոննա պղնձի խտանյութ (245 տոննա ԶՊՄԿ-ից) 2 960 423 860 ՀՀ դրամ արժողությամբ, որն իր արտադրած խտանյութից ավելի քիչ է: Մինչդեռ 2017թ-ին արտահանել է արտադրածից ավելի շատ՝ 18 050 տոննա խտանյութ (4470 տ ԶՄՊԿ-ից)՝ 8 740 582 998 ՀՀ դրամ արժողությամբ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հուլիս 31, 2019 at 20:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր