Դատարանը հետ է վերադարձրել կարճևանցիների հայցադիմումը

Դատարանը հետ է վերադարձրել կարճևանցիների հայցադիմումը

ԷկոԼուրը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետ է վերադարձրել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ ներկայացված Կարճևան գյուղի բնակիչներ Սիմոն Խաչիկյանի և Էմին Թումանյանի հայցադիմումը: Պատճառն այն է, որ բնակիչները չեն կարողացել վճարել իրենց կողմից պահանջվող վնասի դիմաց փոխհատուցման գումարի 2 տոկոսը: 

Հիշեցնենք, որ Կարճևանի բնակիչները դատարանից պահանջում էին փոխհատուցել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքից դուրս եկող արդյունաբերական կեղտաջրերով իրենց այգիների աղտոտման արդյունքում պատճառված վնասը և հողերը նախկին տեսքի վերադարձնել։ 

Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊԸ-ն հայցվորների այգիների հողից վերցված փորձանմուշներում հայտնաբերել էր, որ պղնձի սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) գերազանցել է նորման 20,9-21,4 անգամ, մոլիբդենը՝ 15,8-24, ցինկը՝ 3,24-3,80, մանգանը՝ 5,6-6,1 անգամ։  Սիմոն Խաչիկյանին և Էմին Թումանյանին պատճառված վնասը «Անիկոմ» ՍՊԸ-ն հաշվարկել էր 15-25 միլիոն դրամի սահմաններում։ Հայցադիմումն ընդունելու համար անհրաժեշտ էր վճարել նշված գումարի 2 տոկոսը՝ մոտ 250-500 հազար դրամ։ ԷկոԼուրի հետ զրույցում Սիմոն Խաչիկյանը նշեց, որ նման չափի գումար վճարելու հնարավորություն չունի։ «Հայցը ներկայացնելու համար պետք է պետական տուրք մուծենք։ Բայց դա մեծ թիվ է դառնում։ Փաստաբանին վճարի՛ր, փորձագետին վճարի՛ր, դրանք վճարի՛ր։ Ինձ վնաս է հասցվել, հիմա ես այդ 2 տոկոսը պետք է պետությանը վճարեմ, որ մտնեմ դատարան։ Իմ եկամուտի հիմնական աղբյուրն իմ հողերն են, որոնք ես արդեն քանի տարի է՝ չեմ մշակում։ Գործի տեղից տեղեկանք ես տանում, որ աշխատավարձդ ցածր է, ի վիճակի չես։ Դատարանը դա հիմք չի ընդունում։ Դատարանը կարող էր հետաձգել պետական տուրքի վճարումը, կարող էր այնպես անել, որ որոշ չափով վճարեինք կամ չմուծեինք։ Դա դատարանի ձեռքին էր։ Չգիտեմ ինչու որոշեցին մերժել․․․»,- ասաց Սիմոն Խաչիկյանը։ 

Հայցվորների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Աբրահամյանը Սյունիքի մարզային դատարանի՝ հայցադիմումը հետ ուղարկելու որոշումն օրեր անց բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Ներկայում սպասում են Վերաքննիչ դատարանի արձագանքին։   

Լուսանկարը՝ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության

21:19 Մայիս 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news