Կարճևանցիները դատի են տվել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին

Կարճևանցիները դատի են տվել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչներ Սիմոն Խաչիկյանը և Էմին Թումանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում են ներկայացրել ընդդեմ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի: Նրանք պահանջում են փոխհատուցել կոմբինատի տարածքից դուրս եկող արդյունաբերական կեղտաջրերով իրենց այգիների աղտոտման արդյունքում պատճառված վնասը և հողերը նախկին տեսքի վերադարձնել։ ԷկոԼուրի հետ զրույցում հայցվորների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Աբրահամյանն ասաց, որ ներկայում սպասում են գործի քննությանը։ 

Արդեն երկար տարիներ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերը ենթարկվում են շարունակական աղտոտման Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության արդյունքում. արդյունաբերական կեղտաջրերը Կարճևան գետի հունով հոսում, լցվում են կարճևանցիների այգիները, իսկ գյուղացիների այգիների ոռոգման հիմնական աղբյուրը այդ գետն է։ 2019 թ․ մարտին Կարճևան բնակավայրի բնակիչները նամակներով դիմել էին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովին և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին՝ պահանջելով լուծում տալ կոմբինատի կողմից իրենց հողատարածքների պարբերաբար աղտոտման խնդրին։ Սրան հետևել էր «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը։ Միևնույն ժամանակ, բնակիչները նամակով դիմել էին Բնապահպանության նախարարությանը՝ իրենց այգիներն աղտոտող ջուրը փորձաքննության ենթարկելու պահանջով։ 

Ըստ փաստաբանի՝ 2019 թ․ խնդրի կապակցությամբ դիմել էին նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։  «Մեզ պատասխանել էին, թե՝ հիմք ընդունելով Ջրային օրենսգրքի 113-րդ հոդվածը՝ կոմբինատից պահանջվել է վնաս հասցնող գործունեության անհապաղ դադարեցում մինչ օրենսգրքով սահմանված կարգով խնդրի վերացումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուժանքների մասին։ Նաև գրել էին, որ տեսչությունը իրավասություն չունի հաշվարկելու անձին պատճառված վնասը՝ առաջարկելով հարցը կարգավորել քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասաց Մարիամ Աբրահամյանը։ 

Սիմոն Խաչիկյանը և Էմին Թումանյանը այդպես էլ որևէ արձագանք չստանալով պետական գերատեսչություններից՝ 2019 թ․ դիմել են Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊԸ-ին՝ իրենց այգիների հողում ծանր մետաղների առկայությունը պարզելու նպատակով։ Սիմոն Խաչիկյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի աշխատակիցները այգիներում լուսանկարներ ու տեսանկարահանում են կատարարել, հողի փորձանմուշներ վերցրել, հողի շուկայական արժեքը և իրենց պատճառված վնասի չափը որոշել։ Այնուհետև վերցված փորձանմուշները լաբորատոր հետազոտության են ենթարկել ու ներկայացրել հետազոտվող հողային նմուշներում առկա ծանր մետաղների քանակները։ Ստուգվել է չորս մետաղ։ Փորձանմուշներում պղնձի սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) գերազանցել է նորման 20,9-21,4 անգամ, մոլիբդենը՝ 15,8-24, ցինկը՝ 3,24-3,80, մանգանը՝ 5,6-6,1 անգամ։ «Հողի նմուշառումը չորս մետաղներից ավելի չենք կարողացել անել, որովհետև յուրաքանչյուր նմուշ և յուրաքանչյուր մետաղի փորձանմուշ գին ունեն, դա մեզ համար մեծ գումար է», - ասաց Սիմոն Խաչիկյանը։ 

Ըստ «Անիկոմ» ՍՊԸ-ի տրամադրած եզրակացության՝ հողում ծանր մետաղների բարձր պարունակությունը կարող է բացասական անդրադառնալ ինչպես բույսերի աճի ու զարգացման, այնպես էլ՝ հողի միկրոցենոզի վրա։ Միևնույն ժամանակ հաշվարկվել էր Սիմոն Խաչիկյանին և Էմին Թումանյանին պատճառված վնասը գնահատվել է 15-25 միլիոն դրամի սահմաններում։

Լուսանկարը՝ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության

14:58 Ապրիլ 01, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news