Կոչ ՀՀ կառավարությանը` պաշտպանեք օնկոպացիենտների շահերը

Կոչ ՀՀ կառավարությանը` պաշտպանեք օնկոպացիենտների շահերը

ԷկոԼուր

Երևանում հոկտեմբերին Հայաստանի օնկոպացիենտների պաշտպանության ցանցն (ՀՕՊՑ) ընդունել է հռչակագիր, որով ՀՀ կառավարությանը, Առողջապահության նախարարությանը, Ազգային ժողովին, Երևանի պետական բժշկական համալսարանին կոչ է արվում պաշտպանել օնկոպացիենտների շահերը: Հռչակագրի կետերից մեկը վերաբերում է հանքարդյունաբերության համայնքներում շրջակա միջավայրի աղտոտվածության` մարդու առողջության վրա ազդեցության գնահատման անհրաժեշտությանը:

«Փնթի հանքարդյունաբերությունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը ազդում է մարդկանց առողջության վրա: Մինչդեռ պետական մարմինները և պատասխանատու անձինք ասում են, որ որևէ ապացույց չկա»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեց «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, - «Հռչակագրում արտահայտված հանրային դիրքորոշումը կարող է ճնշում հանդիսանալ, որպեսզի պատասխանատու մարմինները ավելի լուրջ վերաբերվեն այդ խնդիրներին և սկսեն աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»:

Հռչակագրում մասնավորապես նշված է.

…Մենք, վերոհիշյալ միջազգային համաժողովի մասնակիցներս, լինելով ՀՕՊՑ-ի անդամներ, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառույցներ, անհատներ և քաղցկեղ ունեցող ու հաղթահարած անձինք, զբաղվելով օնկոպացիենտների շահերի պաշտպանությամբ, մտահոգված լինելով ՀՀ-ում չարորակ նորագոյացությունների տարածվածությամբ և ողջ բնակչության շրջանում քաղցկեղի դեպքերի շարունակական աճով՝ նպատակադրվել ենք համատեղ ուժերով աշխատել քաղցկեղը կանխարգելելու, օնկոպացիենտներին անհատական աջակցություն ցուցաբերելու, քաղցկեղի բուժման ու խնամքի հասանելիության, առողջապահական ու սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ…

Քաղցկեղը սահմաններ չի ճանաչում։ Այն շարունակում է մնալ մարդկության գոյաբանական խնդիրներից մեկը, որը վտանգում է մարդկության բնականոն գոյատևումը։

Մենք հանձն ենք առնում համատեղ ուժերով իրականացնել քաղցկեղը կանխարգելելու և բուժելու հնարավորությունների մասին ՀՀ-ում ազգաբնակչության լայն զանգվածների իրազեկում՝ մասնակցելով միջազգային տարատեսակ կառույցների կողմից իրականացվող արշավներին, ծրագրերին ու աշխատանքներին։

Ելնելով վերոնշյալից` մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ՀՀ Առողջապահության նախարարությանը, ՀՀ Ազգային ժողովին, Երևանի պետական բժշկական համալսարանին, պետական և ոչ պետական շահագրգիռ կազմակերպություններին`

1. Աջակցել օնկոպացիենտների շահերի պաշտպանների ամենամյա համաժողովների կազմակերպմանը, որոնք շարունակաբար համախմբելու են բոլոր շահակից կողմերին և տարեց-տարի ընդլայնելու են հայաստանյան ցանցը և դրա գործունեության ներուժն ու աշխարհագրությունը:

2. ՀՀ համապատասխան օրենսդրությամբ կարգավորել քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ կիրառվող, ժամանակակից ուղեցույցներում ընդգրկված, թիրախային դեղամիջոցների ազատումն ԱԱՀ-ից, որը հնարավորություն կտա բարձրացնել այդ դեղերով բուժման հասանելիությունը, ինչպես նաև օնկոպացիենտների համար ապահովել ԱՀԿ-ի կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկում ընդգրկված դեղերի հասանելիությունը՝ պետպատվերի շրջանակներում:

3. ՀՀ-ում ներկայումս իրականացվող արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի և 2020-2021թթ․ իրականացվելիք կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի ծրագրերի շրջանակներում հայտնաբերված ցանկացած քաղցկեղի դեպքում պացիենտին պետպատվերի շրջանակներում ապահովել լիարժեք բուժման փաթեթով՝ այդ թվում վիրահատական բուժում, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, թիրախային թերապիա:

4. Պացիենտ-բժիշկ և պացիենտ-բուժքույր փոխհարաբերությունների բարելավման և ապագա բժիշկների ու բուժքույրերի հաղորդակցումը պացիենտների հետ ավելի հմուտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով «Հոգեբանություն» առարկան ԵՊԲՀ-ի ուսումնական պլանում 2-րդ կուրսից տեղափոխել 5-րդ կամ 6-րդ կուրս, ինչպես նաև հետևելով զարգացած երկրների ու ԲՈՒՀ-երի փորձին՝ ներմուծել նոր առարկա՝ «Հաղորդակցման հմտություններ», ինչպես նաև բուժքույրական կրթական հաստատությունների ուսումնական պլանում ավելացնել «Հոգեբանություն» և «Հաղորդակցման հմտություններ» առարկաները և պալիատիվ խնամքի դասընթաց:

5. Պետական քաղաքականության մակարդակով իրականացնել խորացված ապացուցողական ուսումնասիրություններ ՀՀ-ի հանքարդյունաբերական կենտրոններում, ազդակիր և դրանց մոտ գտնվող համայնքներում (Ալավերդի, Ախթալա, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում, Շամլուղ, Օձուն, Մղարթ, Վարդենիս, Սոթք, Կապան, Քաջարան, Արծվանիկ, Սյունիք, Գեղանուշ համայնքներում և Արարատի մարզի համայնքներում)՝ պարզելու հանքարդյունաբերության և շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունն այդ տարածքներում բնակվող մարդկանց առողջության վրա՝ այդ տարածքներում իրականացնելով քաղցկեղի հիվանդացության ու մահացության ցուցանիշների համադրում և պարզելու դրանց միջև պատճառահետևանքային հնարավոր կապը:

6. Ապահովել ՀՀ բնակչության շրջանում չարորակ նորագոյացություններով ախտորոշված բոլոր դեպքերի լիարժեք ու բազմակողմանի գրանցում՝ մշակելով և վարելով միջազգային չափանիշներին համաձայն քաղցկեղի ազգային ռեգիստր:

7. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքացիներին և շահագրգիռ կազմակերպություններին ապահովել քաղցկեղի ազգային ռեգիստրից տեղեկատվություն ստանալու հնարավորությամբ՝ վիճակագրական տվյալները հասանելի դարձնելով ըստ քաղցկեղով ախտորոշված ՀՀ քաղաքացիների բնակության վայրի, բուժումը կազմակերպելու փաստացի վայրի և այլ մանրամասների մասին, ինչպես նաև չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացության վիճակագրական տվյալները` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները (օնլայն տվյալների բազա և այլն):

8. Պետպատվերով քաղցկեղի վիրահատական բուժում իրականացնող բուժհաստատություններում պարտադրել հոգեուռուցքաբանի հաստիքը՝ օնկոպացիենտներին բուժման ընթացքում հոգեբանական աջակցություն ապահովելու նպատակով:

9. Բարելավել մարզային բուժհաստատությունների անձնակազմի կարողություններն ու հաղորդակցման որակը օնկոպացիենտների հետ տարվող աշխատանքներում, մասնավորապես հոգեբանական աջակցության, մասնագիտական նրբանկատության, էթիկայի և օնկոպացիենտներին օրենսդրորեն վերապահված օրենքների և իրավունքների վերաբերյալ խորհրդատվության մատուցման ասպեկտներում:

10. Բոլոր մարզային պոլիկլինիկաններն ապահովել բժիշկ-ուռուցքաբան հաստիքներով, իսկ առկա թափուր հաստիքները համալրել համապատասխան ուռուցքաբան մասնագետներով:

11. Մշակել և իրագործել չարորակ նորագոյացությունների մասին հանրային իրազեկման պետական ծրագիր՝ ուղղված ՀՀ-ում քաղցկեղի կանխարգելմանը, քաղցկեղով հիվանդացության նվազեցմանը, քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, ՀՀ-ում քաղցկեղի բուժման հասանելի տարբերակների և պետական աջակցության ծրագրերի մասին քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

12. Լրամշակել ու փոփոխություններ կատարել հանրային առողջության պահպանման վերաբերյալ օրենսդրական փաթեթում, քանզի հանրային առողջապահության մի շարք բաղադրիչների՝ առողջ ապրելակերպի, առողջ սննդի և միջազգայինորեն ընդունված այլ տարրերի օրենսդրորեն սահմանումն ու կիրառումը նպաստում են չարորակ նորագոյացությունների կանխարգելմանը:

Մենք՝ ներքոստորգրյալներս, ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել ՀՀ-ում չարորակ նորագոյացությունների տարածվածությանն ու դրանց բուժման խնդրին, ինչպես նաև համատեղ ջանքերով ապահովել տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը և այս ոլորտում նպաստել մասնակցային որոշումների կայացմանը:

Հռչակագիրն ընդունվել է հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայացած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի իրավապաշտպանության 9-րդ WE CAN տարածաշրջանային համաժողովի Հայաստանի պատվիրակության մասնակիցների կողմից (Հայաստանի օնկոպացիենտների պաշտպանության ցանց): Հռչակագիրը ստորագրել է մոտ 40 մասնակից:

 

17:06 Նոյեմբեր 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news