«Լիդիանը» դատական գոլ խփեց չպաշտպանվող դարպասին

«Լիդիանը» դատական գոլ խփեց չպաշտպանվող դարպասին

ԷկոԼուր

ԷկոԼուրը հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին: Հարցման մեջ նշված է.

«Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ ‹‹Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին›› 27.08.2018թ-ի թիվ 30-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այսպիսով անվավեր ճանաչվեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 27.08.2018թ.-ին ընդունած թիվ 30 որոշումը, որով պարտավորեցվել էր ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Ալոյանին ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ աշխատանք կատարելուց մինչև ստուգման ընթացքում ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնների՝ Ամուլսարի տարածքում ‹‹Ոզնաթուփ մեխակ›› տեսակի բույսի և ‹‹Ապոլոն›› տեսակի կենդանու առաջին անգամ հայտնաբերելու փաստի կապակցությամբ բնապահպանության նախարարության կողմից օրենքով սահմանված կարգով փորձաքննության իրականացումը և այդ փորձաքննության արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:

Դատական տեղեկատվական համակարգում առկա N: ՎԴ/11560/05/18 դատական գործից պարզ է դառնում, որ պատասխանող կողմը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, պատշաճ ծանուցված լինելով, չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստերին և չի ներկայացրել դատարանին իրավական դիրքորոշումը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ ‹‹Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին›› 27.08.2018թ-ի թիվ 30-Ա որոշումը դատարանում չպաշտպանելու պատճառները»:

17:02 Հոկտեմբեր 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news