ԷկոԼուր
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը օգոստոսի 24-ին Երևանի կենտրոնում քայլերթ էր կազմակերպել: Քայլերթը մեկնարկեց Ազատության հրապարակից՝ «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով:
Քայլերթին էին միացել նաև պատգամավորներ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է իր աջակցությունը հայտնելու բոլոր պայքարողներին և այն քաղաքացիներին, ովքեր կողմ են, որ Ամուլսարը մնա սար: Իսկ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ լիազորված է ջերմուկցիների կողմից և ներկայացնում է նրանց շահը:
Քայլերթի ընթացքում եղավ նաև դրամահավաք, որի ողջ հասույթը նախաձեռնությունը ուղարկելու է Ջերմուկ՝ Ամուլսարի դիրքերում հերթապահողներին:
Քայլերթն անցավ Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և ավարտվեց Ազատության հրապարակում։
Օգոստոս 25, 2019 at 13:02