Ծանր մետաղներով աղտոտված Սյունիք գյուղն անտեսված է

Ծանր մետաղներով աղտոտված Սյունիք գյուղն անտեսված է

ԷկոԼուր

Սույն թվականի օգոստոսին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեքմասնակիցներ» ծրագրի շրջանակներում քննարկում անցկացրեց Սյունիք գյուղում: Բնակիչները բարձրաձայնեցին հանքարդյունաբերության հետևանքով ի հայտ եկած բնապահպանական և առողջապահական խնդիրները: «Զանգեզուրի և Կապանի կոմբինատների վթարների ժամանակ կոնցենտրատը լցվում է մեր ոռոգման ջրի առուներ: Մենք ենք բահով հանում, որ կարողանանք առուներն օգտագործել:... Ջրատար առվի կողքին արդեն 2-2,5 մ բարձրությամբ թափոններ են կուտակվել: Կոմբինատը պետք է այդ թափոնները վերցներ: Հասկանում ենք, որ վթար է, կգա, կկեղտոտվի... Չենք ասում` հանքերը փակեք, մարդկանց գործից կտրեք: Բայց եթե դու եկել ես, մեր միջավայրն աղտոտում ես, պարտավոր ես գոնե 5 տարին մեկ լցնել, տանել քո մեքենաներով: 10 մ-ի վրա անցնես, առվի մոտ կուտակված այդ նստվածքների հոտը քեզ կսպանի: Մենք բողոքում ենք,ասում են՝ անելու ենք, բայց ոչինչ էլ չեն անում: 25 տարում գոնե 1 միլիոն դրամ ծախսեր, մենք կունենայինք վերանորոգված, մաքուր առու... Մենք պահանջում ենք, որ կոմբինատը մաքրի առուն»,- ասացին Սյունիքի բնակիչները:

Երկար տարիներ Սյունիք գյուղի հողերը ոռոգվել են Աճանան գետի ջրով, որի մեջ լցվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի պարզարանից դուրս եկող ջրերը: Աճանան գետը նաև աղտոտվում է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի Շահումյանի հանքավայրից դուրս եկած ջրերով: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ Սյունիք գյուղում աճած գյուղմթերքում բարձր է մկնդեղի, կապարի, սնդիկի, պղնձի, մոլիբդենի, նիկելի, քրոմի, ցինկի,կադմիումի պարունակությունը, ինչը նշանակում է, որ ծանր մետաղները թափանցել են սննդային շղթա: Ըստ ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի 2019 թ. հուլիս ամսվա տվյալների՝ Աճանան (Նորաշենիկ) գետն ունի 5-րդ դասի՝ ամենաբարձր աղտոտվածություն:

Գյուղը մաքուր ջրով ապահովելու համար 2013-2014 թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից տրամադրված աջակցության շնորհիվ վերականգնվել էր Սյունիք գյուղի համար այլընտրանքային ջրանցքը, որի շնորհիվ գյուղը մի քանի տարի ստացել էր մաքուր ջուր, որով հնարավոր էր ոռոգել 80-120 հա հողատարածք: 2018 թ. կատարվել է նոր կառուցված ջրանցքի ջրառի մասնակի քանդում, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված ջրերը միացվել են մաքուր ջրին, հավանաբար, ջրի քանակն ավելացնելու համար։ ԷկոԼուրն այդ ահազանգն ուղարկել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, դեռ պատասխան չի ստացել:

Բնակիչները բողոքում են, որ աղտոտված ջրով ոռոգում իրականացնելու արդյունքում իրենց այգիներն չորանում են, իսկ եղած բերքն էլ շուկայում մրցունակ չէ:

«Խոսակցություններ կան, որ Սյունիքի ժողովրդից մի գնեք ոչինչ, որովհետև այնտեղի ջուրը, օդը կեղտոտ է: Ժողովուրդը չեն իմանում՝ ինչով ապրեն...»,- ասաց բնակիչներից մեկը:

Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով Սյունիք գյուղի ջրային ավազանի վրա բացասական ազդեցությունը 2016 և 2017 թթ. հաշվարկված է եղել 10 %-ի չափով: Այդ չափի համար է սահմանված եղել ընկերության վճարելիք բնապահպանական վճարը: Արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման գծով ազդեցությունը հաշվարկված է եղել 20 %-ի չափով: Սակայն օդային ավազան արտանետման hամար բնապահպանական վճարների գծով բացասական ազդեցություն չի սահմանվել Սյունիք գյուղի վրա: Մինչդեռ բնակիչները բարձրաձայնեցին Արծվանիկի պոչամբարից քամիների հետ դեպի Սյունիք գյուղ տարածվող փոշու խնդիրը:

«Ո՞նց կարող է հանքարդյունաբերությունն օդի վրա ազդեցություն չունենալ. քամին պոչամբարի փոշին մեր կողմի վրա է բերում... Երեխան գալիս է կոնցենտրատի փոշու մեջ: Պիտի երեխաները միանգամից մեռնե՞ն, որ ասեն՝ վնասակար է»,- վրդովված ասաց մի բնակիչ:

Բնակիչները բարձրաձայնեցին իրենց պահանջը, որ գյուղում հողի աղտոտվածության ուսումնասիրություն իրականացվի, առողջապահական ծրագրեր:

«Ուսումնասիրություն է պետք անել՝ հասկանալու համար՝ մեր հողի մեջ ծանր մետաղներ կա՞ն, թե՝ ոչ: Չէ՞ որ այդ հողից քաղած սնունդից օգտվում է ողջ համայնքը: Կապանում բոլորն օգտվում են Սյունիքի սովխոզի աճեցրած բարիքներից: Էդ հողից աճեցրած բերքից օգտվում են մեր երեխեքը: Իմ ամուսինը էդ բերքից էր օգտվում, արյան քաղցկեղից է մահացել: Այս տարածքում ինչքա՜ն մարդիկ կերակրող են կորցրել քաղցկեղի հետևանքով...Մոռացել են մարդկանց առողջության մասին: Վերջին 6 տարվա ընթացքում 4 ընտանիք իր կերակրողին է կորցրել: Բոլորը քաղցկեղի պատճառով: Գոնե ինչ-որ աջակցություն լինի Առողջապահության նախարարության կողմից»,- նշեցին բնակիչները:

Ըստ ԱՃԹՆ զեկույցի՝ 2016-2017 թթ. բնապահպանական վճարներից Սյունիք գյուղում առողջապահական և բնապահպանական միջոցառումների համար գումար չի հատկացվել և համայնքը չի օգտվել նմանատիպ ծրագրերից: Բնակիչները նշեցին, որ չեն իմացել նման ծրագրեր իրագործելու հնարավորության մասին. «Մենք ոչ մի բանից էլ տեղյակ չենք եղել»: Սրա հետ կապված առաջարկ հնչեց, որ պետք է օրենքի փոփոխություն կատարել, և ծրագիրը մինչ կառավարություն ներկայացնելը քննարկվի գյուղի բնակիչների հետ, լինի համապատասխան փաստաթուղթ ստորագրություններով, որ բնակիչները համաձայն են այդ ծրագրի իրագործմանը: Քննարկման ընթացքում բնակիչների կողմից առաջարկ եղավ նաև այն մասին, որ ազդակիր համարվի ոչ թե խոշորացված համայնքը, այլ՝ հանքարդյունաբերությունից ազդեցություն կրող բնակավայրը:

Նշենք, որ ըստ ԱՃԹՆ զեկույցի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ոչ ֆինանսական հատկացումներ տողով 2016 թ. Սյունիք գյուղի համայնքապետարանին է հատկացրել 2 միլիոն 113 հազար դրամի վառելիք:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:11 Օգոստոս 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news